Wednesday, March 31, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐՆԵՆ

Մերզլյակովի հերքումները, տարածաշրջան վերջին այցելությունն ու համանախագահների գոհունակությունը «ԱԶԳ», 31-03-2010- Հայ-թուրքական արձանագրությունները, դրանց հետեւած իրադարձություններն ու արձագանքները մի լավ «տաքացրել են» թեման եւ ուշադրության ավելի ընդգծված ալիք բարձրացրել Հարավային Կովկասի հանդեպ: Ղարաբաղյան հակամարտությունն էլ, ըստ էության, եթե ոչ միշտ, ապա ժամանակ առ ժամանակ մեծագույն ուշադրություն է բեւեռում Կովկասի վրա, բնականաբար, ավելի մեծ շեշտադրմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր է հեռացել տարածաշրջան այցելությունից, իսկ թերասացությունները, թյուրըմբռնումներն ու սխալ մեկնաբանությունները ոչ թե պակասել, այլ ավելացել են: Ու գնալով հաճախակի են դառնում իրավիճակները, երբ Բաքվում ասածը համանախագահները հերքում են Երեւանում կամ հակառակը: Ավելի ճիշտ, հերքվում է մեծամասամբ ոչ թե այն, ինչ համանախագահներն ասել են, այլ այն, ինչ հասկացել ու տարածել են այս կամ այն երկրի լրատվամիջոցները: Որը կամ որոնք են այդ թյուրըմբռնումների ու դրանց հետեւող հերքումների պատճառները, դժվար է ասել, սակայն դրանցից մի քանիսի առնչությամբ ենթադրություններ անել կարելի է: Թերեւս այստեղ դերակատարություն ունի այն սպասումը, որով դիմավորում են որեւէ տեղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու որեւէ նորություն ակնկալում, սակայն այդ սպասումները երբեք էլ չեն արդարանում: Համանախագահները գալիս են, գնում, վերջում մի հայտարարություն անում, թե ամեն ինչ կառուցողական էր, ու դրանով տեղեկատվական «հոսքն» ավարտվում է: Համանախագահները հազվադեպ, բայց ասուլիսներ են հրավիրում, խուճուճ-մուճուճ խոսում են, որից էլ լրագրողները, չարդարացված սպասումների թեթեւ արդարացման նման մի բան են սարքում, ասել է, թե նորություն ունենալու ու տարածելու մեծագույն ձգտումից մի փոքր բան այլ են ներկայացնում: Ու դրա համար բնավ էլ պետք չէ, որ լրագրողը դիտավորություն ունենա: Թեմայի զգայությունը մի կողմ թողած, մեկ բառ անգամ ասվածից հանելով «ստացվում է» այն, ինչ նորություն կարելի է որակել: Վերջին օրինակն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հերքումն էր իրեն վերագրվող հայտարարության, որ իբր արվել էր Ստեփանակերտում մարտի 27-ին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում հայտարարել էր, թե մադրիդյան սկզբունքների առնչությամբ «հայկական կողմն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ»: Նույն աղբյուրի համաձայն, Մերզլյակովը պարզաբանել էր, թե համանախագները չեն բարդացնում իրավիճակը, քանի որ «ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր մադրիդյան սկզբունքների շուրջը, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի»: Ավելին, ռադիոկայանը տեղեկացրել էր, թե ռուսաստանցի համանախագահի խոսքերով, ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել մադրիդյան սկզբունքների շուրջը, բացի 4 կետերից: Մարտի 29-ին Երեւանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Մերզլյակովը պարզաբանումներ է տվել իրեն վերագրվող հայտարարությունների կապակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող այն հայտարարությունը, թե երկու տարի առաջ Հայաստանը համաձայնել է, սակայն ինչպես այսօր է պարզվում` ոչ ամբողջությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկներին: «Կամ պետք է տալ այնպես, ինչպես ասվում է, այլ ոչ թե մեկնաբանել, ինչպես դա արեցին լրագրողները Լեռնային Ղարաբաղում: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ նշված է, թե ես ինչ եմ ասել», պարզաբանել է Մերզլյակովը: Ռուսաստանցի համանախագահը նաեւ հերքել է այն տեղեկությունը, թե իբր կողմերը հիմնականում համաձայնել են մարդիդյան սկզբունքների շուրջը, բացառությամբ 4 կետի: «Ես նման բան չեմ ասել: Նման բան չի եղել», ասել է Մերզլյակովը: Անդրադառնալով այն հայտարարությանը, թե իբր մադրիդյան սկզբունքներում նոր հավելումներ, լրացումներ կան, Մերզլյակովը պարզաբանել է. «Դրանք հավելումներ չեն, այլ առաջարկություններ, որոնք այն սկզբունքների վերաբերյալ են, որոնցում համաձայնություն չկար: Դրանք աշխատանքային պահեր են, որոնք շարունակվում են»: Այս ամենի վերջին երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ այդմ, համանախագահները մարտի 26-29 այցելել են Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ, հանդիպել Հայաստանի արտգործնախարարին եւ նախագահին ու քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների առնչությամբ հայկական կողմի առաջարկությունները, դիտարկումները: Հայաստանում, ըստ հայտարարության, համանախագահներն ունեցել են մի շարք այլ երկկողմ հանդիպումներ: Այս ամենի արդյունքում, Փարիզում եւ արդեն տարածաշրջանում կողմերի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «գոհունակությամբ նշել են կողմերի ջանքերը մադրիդյան սկզբունքների շրջանակներում խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: