Thursday, March 18, 2010

Պետդեպարտամենտ. ԱՄՆ վարչակազմը չի կարող արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի առաջխաղացումը Կոնգրեսում

/PanARMENIAN.Net/ 17.03.2010 - ԱՄՆ վարչակազմը չի կարող արգելափակել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի առաջխաղացումը երկրի Կոնգրեսում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքով, Օբամայի վարչակազմի եւ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության առաջնորդների միջեւ բանաձեւի արգելափակման առնչությամբ ոչ մի պայմանավորվածություն չկա: Միեւնույն ժամանակ Ֆիլիպ Գորդոնը խոստովանեց, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված բանաձեւն արգելակել է թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացումը հենց այն պահին, երբ Վաշինգտոնը Թուրքիայի օգնությունն է որոնում Իրանի միջուկային ծրագրի հարցում: Գորդոնի խոսքով, ԱՄՆ-ն վատթարացում չի տեսնում արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակում Անկարայի հետ համագործակցության մեջ: Անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցմանը` ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտնեց, որ 252 բանաձեւն արգելքներ է ստեղծում այդ գործընթացի համար, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ գործընթացը չի դադարեցվել: «Ես իսկապես գտնում եմ, որ այդ երկու երկրների ղեկավարություններն այդ հարցում լի են վճռականությամբ»,- ասաց նա: Նրա խոսքով, Օբամայի վարչակազմը գտնում է, որ պատմական խնդիրները պետք է երկու երկրների միջեւ լուծվեն հաշտության մասին բանակցությունների շրջանակներում: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին` Գորդոնը Թուրքիային կոչ արեց ճնշում գործադրել Իրանի վրա: Նա քննադատության ենթարկեց Անկարային ՄԱԳԱՏԷ-ում Իրանից գաղտնի միջուկային օբյեկտների շինարարությունը դադարեցնել պահանջող բանաձեւի վերաբերյալ քվեարկությանը չմասնակցելու համար: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա երբ միջազգային հանրությունը ձգտում է Իրանի կառավարությանը միասնական ու համակարգված ուղերձ հղել, Թուրքիան զանազան մեկնաբանություններ է հնչեցնում»,- նշեց Ֆիլիպ Գորդոնը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը:

No comments: