Thursday, March 18, 2010

Թուրք պետնախարար. Չեմ ժխտում, որ հայերը ծանր ժամանակներ են ապրել

Panorama.am. 18-3-2010- Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հայերին ու Հայաստանին առնչվող հարցերի մասին: Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթի էլեկտրոնային կայքը հրապարակել է այդ հարցազրույցից հատվածներ, որոնք էլ ստորև ներկայացնում ենք. - Պրն Բաղըշ, ինչո՞ւ է մինչև հիմա Թուրքիայում գործում Եվրամիության հարցերով պատասխանատու նախարարի հաստիքը: Մի°թե Ձեր երկրում եվրոպական թեման այլևս մահացած չէ՞: - Բնավ ոչ: Մեր կառավարությունն ուրիշ երկրների կառավարությունների համեմատությամբ թերևս ավելի շատ եռանդ է ներդնում բարեփոխումների գործընթացի համար: Պատրաստվելու ենք 2013-ին անդամակցել Եվրամիությանը: Գերմանացիների միայն 17 տոկոսն է խրախուսում Թուրքիայի եվրաանդամցկությունը: Հավատացեք, մի օր եվրոպացիներն են ԵՄ-ին անդամակցելու կոչով դիմելու թուրք ժողովրդին: Ասացեք խնդրեմ, առանց Թուրքիային օգնության Եվրամիությունը ինչպես է մտադիր լուծել էներգետիկ ճգնաժամը: Եվրոպայի ապագա էներգակիրների տարանցման ճանապարհների մեծ մասն անցնելու է Թուրքիայի տարածքով: Բացի այդ հարցրեցիք, թե ինչպես եք լուծելու տնտեսական և ժողովրդագրական հարցերը: Եվրոպայում միջին տարիքը 40 է, իսկ Թուրքիայում` 28: Անհրաժեշտ աշխատուժ այդ դեպքում որտեղի°ց եք գտնելու: Ովքե°ր են ապահովելու տարեցների կենսաթոշակները: - Հաշտեցման գործընթացը շարունակվո՞ւմ է: Եթե ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը: Ռազմաբազան կփակե՞ք: «ՆԱՏՕ»-ից դո՞ւրս կգաք: - Դա կթողնեմ ընթերցողների երևակայությանը: Բայց մի բան, այնուամենայնիվ, թույլ տվեք հիշեցնել. Իրաքում ԱՄՆ-ի զինվորների թիկունքային սպասարկման 70 տոկոսն իրականացվել է Ինջիրլիքի ռազմաբազայի շնորհիվ: - Ցեղապանություն եզրաբառը մերժում եք, սակայն Իգդիրում 1915 թվականի մահացած թուրքերի հիշատակին նվիրված ցեղասպանության թանգարան կա: - Չեմ բացառում, որ մի օր այդ թանգարանը «Միասնական գոյակցության թանգարան» կամ «Ընդհանուր ցավի թանգարան»-ի կարգավիճակ ձեռք կբերի: Չեմ ժխտում, որ հայերը ծանր ժամանակներ են ապրել: - Թուրքիան հայերի փոխհատուցման պահանջի՞ց է տագնապում: - Ինչպես գիտեք, մեր երկրում ենթադրաբար 100 հազար ապօրինի հայ ներգաթյալ կա: Թուրքիայում աշխատելով նրանք պահում են իրենց ընտանիքները: Ըստ իս` սա վկայում է երկու ժողովուրդների միջև ատելության բացակայության մասին: Մերձեցման համար ջանք ենք գործադրում, երկու երկրների միջև հաշտեցման գործընթաց է ծավալվում: Մեր կառավարությունը կենտրոնացել է խնդիրների լուծման վրա: Մենք մեր բոլոր հարևանների հետ, Հայաստանի հետ ներառյալ, ցանկանում ենք բարիդրացիություն անել:

No comments: