Thursday, April 29, 2010

Հրանտ Դինքի սպանության մասին գրքի հեղինակը Թուրքիայում արժանացել է հեղինակավոր լրագրողական մրցանակի

News.am. 29-4-2010- Թուրքիայում ամենահեղինակավոր` Աբդու Իփեկչիի անվան լրագրողական մրցանակը 2010 թվականին բաժին է հասել Milliyet թերթի լրագրող Նեդիմ Շեներին, ով «Դինքի սպանությունն ու իրավապահ մարմինների սուտը» գրքի հեղինակն է: Այս գրքի լույս ընծայումից անմիջապես հետո, Թուրքիայի իրավապահները Շեների դեմ քրեական գործ են հարուցել: Նրան մեղադրում են պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու եւ մարդկանց անվանարկելու մեջ, ովքեր զբաղվում են հակաահաբեկչական գործունեությամբ: Շեների դեմ դատական հայց ներկայացնողների շարքում է եղել ոստիկանության լրտես Էրհան Թունջերը, ով քրեական գործի նյութերի համաձայն, Օգյուն Սամասթին դրդել է սպանության: «Եթե դատարանը Շեներին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է 28 տարվա ազատազրկում: Դա ավելի խիստ պատիժ է, քան այն, որը նախատեսված է Դինքի սպանողի համար»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի մեկնաբան Բագրատ Էստուկյանը, հավելելով, որ Օգյուն Սամասթ, ամենայն հավանականության կազատազրկվի 20 տարով: Էստուկյանը հայտնել է նաեւ, որ Շեների գործով բոլոր դատական նիստերը ուղեկցվում են բողոքի ակցիաներով, որոնց մասնակցում են նաեւ Հրանտ Դինքի ընկերներն ու եղբայրները, Թուրքիայի առաջատար լրագրողական կազմակերպությունները:

No comments: