Friday, October 21, 2011

Բանակում զոհված զինվորների ծնողների եւ ՀԿ-ների հայտարարությունը. «Իշխանությունները փորձում են լռեցնել մեզ»

Բանակում տիրող վիճակի ու սպանությունների դեմ պայքարող ՀԿ-ներն ու զոհված զինվորների ծնողները հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ իշխանությունները բանակում կատարվող հանցագործությունները բացահայտելու փոխաներ փորձում են լռեցնել հանցագործությունների մասին բարձրաձայնող անձանց:
Հայտարարությունում ասվում է.
«Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հիմնականում ի դեմս Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի, ակտիվ հարձակում են ծավալել քաղաքացիական խմբերի դեմ, որոնք սեպտեմբերի 1-ից սկսած` ակցիաների, հայտարարությունների եւ այլ իրավական միջոցներով իրենց բողոքն են արտահայտում հայկական բանակում սպանությունների ու բռնությունների եւ ընդհանուր առմամբ անառողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտի դեմ:
Քաղաքացիական հասարակության կառույցների եւ հասարակական գործիչների դեմ սանձազերծված գրոհը իր հերթական դրսեւորումը ստացավ իշխանությունների խոսափողը ծառայող հանրային հեռուստաընկերության ս.թ. հոկտեմբերի 16-ի «Հայլուր» թողարկման ընթացքում: Վերջինիս ընթացքում, մասնավորապես, հիշատակելով երկու իրավապաշտպան կազմակերպության` «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրներն ու ղեկավարներին, հաղորդման հեղինակը փորձում էր վարկաբեկել նրանց գործունեությունը, իսկ գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանը սպառնում էր, որ նրանց կողմից բանակի առնչությամբ ակտիվ գործունեությունը շարունակվելու դեպքում կդիտարկվի որպես ոտնձգություն բանակի նկատմամբ եւ դրանց կտրվեն իրավական լուծումներ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ արտաքին ֆինանսական աջակցությունն, այդ թվում` դրամանաշնորհները, ստանում է հենց Հայաստանի Հանրապետության Կառավարությունը («ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ներդրումը կազմում է շուրջ 94 միլիարդ դրամ), մինչդեռ նրա կողմից կատարված ծախսերը եւ արդյունքները նույնքան թափանցիկ չեն:
Ցավալի է, որ պատերազմական վիճակում գտնվող մեր երկրի իշխանությունները անվտանգությանը սպառնացող երեւույթներին համարժեք արձագանքելու, բանակային հանցագործությունները վերացնելու ու մեղավորներին բացահայտելու եւ պատժելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձում են լռեցնել հանցագործությունների մասին բարձրաձայնող անձանց, ինչը կասկածի տակ է դնում բանակում առկա խնդիրները կարգավորելու քաղաքական կամքի առկայությունը:
Իշխանությունների կողմից հնչեցված սպառնալիքները գնահատում ենք որպես իրավապաշտպան կազմակերպություններին եւ «Բանակն իրականում» քաղաքացիական շարժմանն ուղղված սպառնալիք եւ դրանով իսկ մարդու արտահայտվելու ազատության ու միավորումների ազատության սահմանադրական իրավունքների կոպիտ ոտնահարման դրսեւորում: Դա սպառնալիք է ուղղված նաեւ անձամբ մեզ ու Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներին եւ ոտնձգություն մեր երկրի ազգային անվտանգության նկատմամբ»:

Հայտարարությունը ստորագրել են.
Հասարակական միավորումներ.
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբ
Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ
Իզաբելլա Սարգսյան, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ
Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Սեդա Մելիքյան, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Ավետիք Իշխանյան, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ
Արփինե Գալֆայան, «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ
Մարինե Մանուչարյան, «Քաղաքացիական ֆորում» ՀԿ
Միքայել Դանիելյան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
Զոհված զինծառայողների հարազատներ.
Ծովինար Նազարյան, ՀՀ ԶՈՒ զոհված սպա Արտակ Նազարյանի քույր
Հասմիկ Հովհաննիսյան, ՀՀ ԶՈՒ զոհված սպա Արտակ Նազարյանի մայր
Նանա Մուրադյան, ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր
Անահիտ Մկրտչյան, ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայր
Գոհար Սարգսյան, ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայր
Սուրեն Օհանջանյան, ՀՀ ԶՈՒ զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հայր

No comments: