Saturday, April 10, 2010

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Ինչպես էլ որ չէին գնահատվում հայ-թուրքական գործընթացի ձախողումներն ու վտանգավոր խութերը, գործն այդքան էլ զգալի տանուլ տված չէր, քանի դեռ Ղարաբաղի հարցը չէր դարձել այդ կոպիտ եւ ակնհայտ խաղի քննարկման եւ առեւտրի առարկա: Թուրքիան այդ թեման իր քաղաքականությանը կցեց Արեւմուտքում իր պայմաններն առաջ մղելու համատեքստում, որպես հարմար շեղող քայլ: Ընդ որում, հենց Ղարաբաղի խնդիրը որպես հայ-թուրքական գործընթացի փաստարկ ընդունելու ԱՄՆ եւ Ռուսաստանի մերժումը Թուրքիային հանգեցրեց այդ թեման իր քաղաքականության մեջ ներառելու անհրաժեշտության գիտակցմանը: Եվ դա ամենեւին էլ պարադոքս չէ, այլ հմուտ քաղաքական գործիչների մտածողության ձեւ, ովքեր փորձում են իրենց երկիրը մղել ավելի լայն քաղաքական ասպարեզ: Իհարկե, Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունները զսպելու ԱՄՆ քաղաքականությունը շարունակվում է եւ ավելի է թափ հավաքելու, բայց այդ քաղաքականությունն ամենեւին չի ենթադրում Թուրքիայի շահի մշտական նվաստացում, այլ նաեւ որոշակի շնորհների տրամադրում: Բանն այն է, որ ինչպես եւ Ռուսաստանը, ԱՄՆ չի կարող Թուրքիային “միայնակ” առաջարկել Ղարաբաղի խնդրի լուծում այս կամ այն իմաստային բովանդակությամբ: Առավել եւս, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը լավ հասկանում են, որ Թուրքիային պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ իր կողմից առաջարկված պայմանների ընդունումն ու “հայկական գործոնն” իր հանդեպ որպես ճնշման միջոց չօգտագործելու երաշխիք: Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ լիներ ձեռնպահ մնալ քաղաքական ցուցամոլությունից, ինչը մշտապես առաջարկում են “մեծ քեռիները” մեծ մայրաքաղաքներից, ապա նա կարող էր վստահորեն մերժել Ղարաբաղի հարցի քննարկումը հայ-թուրքական կարգավորման գործընթացում, առանց հայրենական շահի համար որեւէ վնասի: Միեւնույն ժամանակ, դժվար է պատկերացնել այլ կառավարություն այլ երկրում, որը կարող էր այդպես ինքնաբերաբար ու մուլտիպլիկատիվ կերպով կատարել խաղի արտաքին մասնակիցների փոքր ցանկությունները: Խաղի վերջին փուլը բնորոշվեց նրանով, որ Սերժ Սարգսյանը “ոչ բավարար ազդակներ հաղորդեց Ղարաբաղի թեմայով գործելու առումով (մոտավորապես այդպես)”: Եվ ազդակներ սկսեցին գալ, ինչը նշանակում է Հայաստանի կամավոր ներգրավում հայ-թուրքական գործընթացի կոնտեքստում Ղարաբաղի խնդրի քննարկմանը: Դա հանդիսացավ ցցուն պարտություն, քանի որ առաջանում է Ղարաբաղի խնդրում Թուրքիայի պատասխանատվության լեգիտիմություն: Այդպիսով, տարածաշրջանում փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, եւ պետք է ընդունել ի գիտություն, որ թուրքական էքսպանսիայի գլխավոր զսպող ուժերը` ԱՄՆ եւ Ռուսաստանը, ի վիճակի չեն, ինչպես նախկինում, դրան դիմագրավել քաղաքական մեթոդներով: Դա գլխավորն է, ինչին փորձում էր հասնել Ադրբեջանը երկար տարիներ: Այս ամբողջ նոր դասավորությունը կարող է դառնալ շատ վտանգավոր: Իհարկե, հույս կա, որ Ռուսաստանն ու ԱՄՆ կփորձեն հակազդել դրան, բայց մնում է փաստ, որ մասնակցելով Ղարաբաղի թեմայի քննարկմանը, Թուրքիան կպայմանավորի լրացուցիչ լարվածություն Հայաստանի հանդեպ, եւ վտանգները տարածաշրջանում կաճեն: Քանի դեռ Ղարաբաղի խնդիրը քնած էր, ինչպես հովվի մեծ շուն, ամեն ինչ հանգիստ էր, չնայած աղաղակներին եւ հիստերիային: Այժմ շանն արթնացրել են, արթնացրել են ոչ հայերը, բայց հայերին թվացել է, որ իրենք են հովիվը: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: