Tert.am. 9-4-2010- Թուրք հայտնի վերլուծաբան, Milliyet օրաթերթի սյունակագիր Սամի Քոհենը, անդրադառնալով հայ–թուրքական վերջին զարգացումներին, ակնարկում է, որ Անկարան լրջորեն հաշվի նստելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Արձանագրությունների տակ դրված ստորագրությունը ետ կանչելու մասին նախազգուշացումների հետ, ընդառաջ գնաց Երևանի սպասումներին և հանդես եկավ այնպիսի հայտարարությամբ, որն ուզում էր լսել պաշտոնական Երևանը:
«Երկու շաբաթ առաջ Երևանում էինք, որտեղ հանդիպեցինք հայաստանյան բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ: Վերջինս նշեց, որ արձանագրային գործընթացում առաջացած ճգնաճամը հաղթահարելու համար Թուրքիան պետք է հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և ասի, որ շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթի տառին ու ոգուն: Հայ պաշտոնյան, ով լուրջ կասկածներ ուներ, որ Անկարան կյանքի կկոչի Արձանագրությունների առնչությամբ իր ստանձնած պարտավորությունները, միևնույն ժամանակ, նախազգուշացրեց, որ եթե Անկարան հանդես չգա համապատասխան հայտարարությամբ, Սերժ Սարգսյանի վարչակազմն Արձանագրությունները հետ կկանչի խորհրդարանից»,- գրում է Սամի Քոհենը` ավելացնելով, որ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի երևանյան գործուղումը Երևանի սպասումներին ընդառաջ գնալու և Թուրքիայի` Արձանագրություններին հավատարիմ մնալու առնչությամբ կասկածները վերացնելու նպատակ էր հետապնդում:
«Սակայն Թուրքիայի դիվանագիտական այս քայլի նպատակը չի սահմանափակվում միայն հայաստանյան իշխանությունների մոտ առկա կասկածների վերացմամբ… Լիովին հասկանալի է, թե ինչու Թուրքիան գնաց այդ քայլին հենց այս ժամանակահատվածում. Սարգսյանն ու Էրդողանն առաջիկայում մեկնելու են Վաշինգտոն` մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Սերժ Սարգսյանը և Թայիփ Էրդողանը հանդիպելու են Բարաք Օբամայի հետ: Իսկ այդ շփումներից առաջ շատ կարևոր է, որպեսզի Թուրքիան ցույց տա, որ հավատարիմ է Ցյուրիխում ստորագրված Արձանագրություններին և Հայաստանի հետ մերձեցման գործընթացին»,- գրում է Սամի Քոհենը` ընդգծելով, որ Էրդողանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղարկած նամակը միևնույն ժամանակ մեսիջ էր` ուղղված ողջ աշխարհին:
«Բացի այդ, ի դեմս Միացյալ Նահանգների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող բոլոր պետությունները քննադատում են Թուրքիային` ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով արձանագրային գործընթացը ձգձգելու համար և այդ առնչությամբ ճնշումներ գործադրում Անկարայի վրա: Այդ տեսանկյունից Սերժ Սարգսյանին գրված նամակը նաև մի մեսիջ էր` ողջ աշխարհին, որ Անկարան ամենևին էլ նպատակ չունի պահարանում փակել Արձանագրությունները»,- գրում է թուրք վերլուծաբանը:
Սոմի Քոհենը, անդրադառնալով նաև հայաստանյան իշխանությունների` երկրի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման գործընթացն սկսելու մասին հայտարարություններին, գրում է, որ հակառակ դրան, Թայիփ Էրդողանի կառավարությունը ներկա պահին այնպիսի վիճակում չէ, որ կարողանա այդ փաստաթղթերը վավերացման ներկայացնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:
«Հայաստանյան իշխանությունները պատրաստ են Արձանագրությունները խորհրդարանի վավերացմանը ներկայացնելուն: Մինչև հիմա ասում էին, որ «նախ Թուրքիայի խորհրդարանի թող վավերացնի»: Եվ եթե ուշադրություն դարձնենք Երևանից եկող վերջին լուրերին, հավանականություն կա, որ Սերժ Սարգսյանը գնա այդ քայլին վաշինգտոնյան այցից առաջ: Սակայն Էրդողանի կառավարությունը ներկա պահին այնպիսի վիճակում չէ, որ կարողանա խորհրդարանում անցկացնել Արձանագրությունները:
Մի կողմից առկա է գործընթացի` ղարաբաղյան հիմնախնդրի հետ շաղկապվածությունը, մյուս կողմից խորհրդարանը ներկա պահին կենտրոնացած է Սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա»,- գրում է Սամի Քոհենը` եզրափակելով. «Այնպես որ սպասել, թե Թուրքիան առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում վավերացնելու է Արձանագրությունները, այնքան էլ իրատեսական չի թվում: Սակայն հակառակ ամեն բանի` շատ կարևոր է այսքան ջանքերից հետո թույլ չտալ Արձանագրությունների ձախողումը, քանի որ այդ դեպքում հետևանքները լուրջ են լինելու…»:
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment