«Լրագիր» 8-4.2010- Կասկած չկա, որ Վաշինգտոնում Բարաք Օբամայի հետ Սերժ Սարգսյանի սպասվող հանդիպումը դառնալու է Հայաստանի իշխանական քարոզչության մեխը, որը տեւական ժամանակ “մտցնելու” են Հայաստանի հասարակության աչքը: Իշխանական քարոզչությունը այդօրինակ առիթը բաց չի թողնի հայաստանցիներին համոզելու համար, թե ահա տեսեք համաշխարհային հեղինակություն վայելող ինչ իշխանություն ունեք, ինչ նախագահ ունեք, ինչպես են նրան ընդունում աշխարհի մեծերը, գնահատում նրա համարձակությունն ու նախաձեռնողականությունը, նրա հեռատեսությունն ու խորաթափանցությունը:
Հայաստանի քաղաքացիների շրջանում էլ անշուշտ կգտնվեն այնպիսիք, ովքեր տեսնելով այդ ամենը, կսկսեն կասկածել ոչ թե այդ ամենի անկեղծության եւ արդյունավետության, այլ սեփական զգացումների, իրենց կյանքի անփոփոխ կամ խորացող թշվառության, անարդարությունների եւ անօրինականությունների վրա: Հայաստանի իշխանական քարոզչության այդ ակցենտի նպատակն էլ հենց դա է, որ տեսնելով Հայաստանի իշխանության համաշխարհային ընդունելությունը, տեսնելով, թե ինչ մեծամեծ գործերով է զբաղված Սերժ Սարգսյանը, թե ում հետ է նա նստում-վեր կենում, Հայաստանի քաղաքացիները խղճի խայթ զգան նրանից երկրի ներքին կյանքի ինչ որ խնդիրների լուծում պահանջելու, ինչ որ իրենց հոգսերով նրա ուշադրությունը շեղելու, նրանից ավելորդ էներգիա խլելու համար:
Այդ քարոզչական վարքի նպատակը նաեւ այն է, որ քաղաքացին իրեն մեղավոր զգա “տիեզերական” ճանաչում վայելող իշխանության հանդեպ ինչ որ հողեղեն պահանջներ ներկայացնելու համար` իրավունք, ազատություն, օրինականություն, Սահմանադրություն, եւ այդօրինակ այլ “հնաոճ” բաներ, որոնք մանր մարդկանց մտքի արգասիք են: Իշխանական քարոզչության այդ երեւույթին թերեւս չարժեր անդրադառնալ, եթե այն չլիներ հետեւողական եւ մշակված քաղաքականություն, այլ պարզապես արտահայտվեր առանձին դրսեւորումներով:
Բայց, եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածում իշխանական քարոզչության շեշտը դրվում էր Հայաստանում տնտեսության ահռելի ցատկերի մասին առասպելներ կառուցելու վրա, մոռանալով ցույց տալ կամ “զլանալով” հետեւել, թե ի վերջո ուր է հոսում այդ ահռելի ցատկերից ստացվող արդյունքի ահռելի մասը, ապա անցած երկու տարիներին` Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, հիմնական շեշտը դրվում է արտաքին “ցատկերի” վրա: Ավելին, երեւի թե միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամն է Հայաստանի իշխանական քարոչությանը հետ պահում Հայաստանի իշխանությանը համաշխարհային գործընթացների հեղինակ հռչակելուց: Բանն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունը հռչակվի աշխարհաքաղաքական նավի նավապետ, ապա բնականաբար նրա վրա է մնալու նաեւ տնտեսական համաշխարհային ճգնաժամի պատասխանատվությունը: Ու թերեւս հենց միայն դրանից զերծ մնալու համար է, որ Հայաստանի իշխանությունն ինքզինքը չի հռչակել որպես նոր աշխարհի ճարտարապետ, այլ բավարարվել է ընդամենը “հայկական աշխարհով”:
Այդպիսով, երկու տարի շարունակ Հայաստանի իշխանական քարոզչությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է` “դուրս նայեք, դուրս”, թե չէ նայում են գազի, ջրի, շաքարի կամ կարագի թանկացումներին, նայում են օրենքից ու Սահմանադրությունից վեր կանգնած անձանց ու խմբերի սանձարձակություններին եւ նման մանր մունր խնդիրներով ինչ որ պահանջներ են փորձում ներկայացնել իշխանությանը, փոխանակ շնորհակալ լինելու իրենց բախտից, որ այդ իշխանությունը համաձայնվել է լինել հենց Հայաստանի, ոչ թե մեկ այլ երկրի իշխանություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment