Thursday, April 8, 2010

Ահմադինեժադը «կովբոյական» է անվանել ԱՄՆ նոր քաղաքականությունը

Tert.am. 8-4-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ միջուկային նոր ռազմավարությունը «կովբոյական» է համարել։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը։ «Երբ սպառվում են փաստարկները, ամերիկացի քաղաքական գործիչները, ինչպես կովբոյները, միշտ զենքերն են վերցնում»,- գործակալությունը մեջբերում է Իրանի նախագահի խոսքը։ Մահմուդ Ահմադինեժադը սպառնացել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանին, ինքը, ի պատասխան, «կկոտրի Վաշինգտոնի ատամները»։ Ահմադինեժադը նաև նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա չկրկնի իր նախորդի՝ նախագահ Ջորջ Բուշի սխալները՝ հավելելով, որ ոչ մեկին թույլ չի տա Իրանին թելադրել իր կամքը։ Ըստ Իրանի նախագահի՝ դա փորձեցին անել «Օբամայից ավելի շատ վախ ներշնչող քաղաքական գործիչներ, և նրանց մոտ ոչ մի բան էլ չստացվեց»։ Նշենք, որ ապրիլի 6-ին հրապարակված ԱՄՆ միջուկային նոր ռազմավարությունը նախատեսում է նվազեցնել միջուկային պոտենցիալի դերը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի կիրառի միջուկային զենք ոչ միջուկային պետությունների դեմ։ Սակայն Իրանի և Հյուսիսային Կորեայի դեպքում բացառություն է արվել՝ որպես երկրներ, որոնք չեն կատարում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

No comments: