Tert.am. 9-4-2010- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է պատերազմի վերսկսման հնարավորությանը։
«Երբ չի՞ եղել պատերազմի վտանգ, կարո՞ղ եք ինձ ասել։ Մենք գտնվում ենք մի սահմանամերձ մարզում, և այստեղ մարդկանց հարցրեք՝ ե՞րբ չի եղել այդպիսի վտանգ։ Այդպիսի վտանգ եղել է 95–ին, 2000–ին, 2005–ին և այդպիսի վտանգ, այո, կա նաև այսօր, և այդպիսի վտանգ լինելու է, մինչև մեր տարածաշրջանում չհաստատվի խաղաղություն և կայունություն։ Ուղղակի մեր ժողովրդի համար այդ վտանգը շատ թե քիչ առարկայական է դառնում հիմնականում երկու դեպքում՝ երբ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, սկսում են հոխորտալ, այսպիսի միլիտարիստական պահվածք դրսևորել, չգիտեմ, թե դրա հիմքը ինչն է կազմում, որովհետև ես այսօր չեմ տեսնում նրանց գերազանցությունը մեր նկատմամբ, և երկրորդ՝ այն պարագայում, երբ մեր ներքին քաղաքական կյանքում որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկել»։
Նախագահը նշել է նաև, որ Հայաստանում, ցավոք սրտի, կան լրատվամիջոցներ, որոնք ուղղակի հայերեն են թարգմանում ադրբեջանական պրոպագանդան։ «Կան լրատվամիջոցներ մեր երկրում, որոնց նպատակը կարծես թե մեր ժողովրդին սարսափի մեջ պահելն է։ Ամոթ է ասել, բայց երբ Երևանում լույս տեսնող թերթը փորձում է համեմատության մեջ դնել հայ և ադրբեջանցի զինվորին և փորձում է ադրբեջանցի զինվորի առավելությունը ցույց տալ, ես չեմ հասկանում այդպիսի մարդկանց։ Ես չեմ հասկանում այն լրագրողին, այն լրատվամիջոցին, ովքեր դիմում են տարբեր մարդկանց և ասում, որ պատերազմ է լինելու, կամ էլ ասում են՝ դուք իշխանություն եք, ուրեմն իշխանությունը պետք է այդ պատերազմը վարի»,– նշել է նա։
Ըստ Սերժ Սարգսյանի, դա մարդկային տեսակի հարց է։ «Ես վստահ եմ, որ ընդդիմությունում, չեզոք մարդկանց մեջ կան այնքան մարդիկ, որ, Աստված մի արասցե, եթե վաղը այդպիսի մի բան լինի, նրանք լինելու են առաջին շարքերում, և իշխանությունում կան մարդիկ, ովքեր, երբ այդպիսի մի բան լինի, ճողոպրելու են։ Մենք անցել ենք այդ ճանապարհը մի անգամ, այնպես որ մարդկային տեսակի խնդիր է։ Ոչ, ես մոտալուտ պատերազմի վտանգ չեմ տեսնում, թեև հիշում եք, որ ես բազմաթիվ առիթներով հայտարարել եմ, որ պաշտպանության նախարարը մշտապես պետք է ենթադրի, որ հենց վաղը ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Դրա համար մեր պաշտպանության նախարարը, մեր պաշտպանության նախարարության ղեկավարությունը առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում են, այդ թվում նաև այստեղ՝ Տավուշում։ Մեր բանակը մարտունակ է, և եթե նորից եմ կրկնում, Աստված մի արասցե, այդպիսի բան լինի, մենք հանկարծակիի չենք գա»։
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment