Saturday, April 10, 2010

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ “ՆՈՐՄԱԼ” ՌԵԺԻՄ

«Լրագիր» 9-4-2010- Երեւանում մարդու իրավունքի պաշտպանության միջազգային ֆեդերացիայի համաժողովի ավարտից հետո Հայաստանի ոստիկանությունը կամաց-կամաց կարծես թե գալիս է նորմալ “ռեժիմի”: Բանն այն է, որ երբ Երեւանում ապրիլի 6-8-ը անցկացվում էր համաժողովը եւ այստեղ էին հարյուրավոր արտասահմանցի իրավապաշտպաններ, Հայաստանի ոստիկանությունը կարծես թե վերածվել էր նրբանկատության “ֆորպոստի” եւ լիակատար հանդուրժողությամբ էր վերաբերում ընդդիմության ակտիվիստների գործողություններին: Այդ օրերին տեղի ունեցավ համապետական հանրահավաք, երթ, տեղի ունեցան նաեւ ընդդիմության երիտասարդ ակտիվիստների կազմակերպած պիկետներ եւ բողոքի այլ միջոցառումներ, որոնց ընթացքում չի արձանագրվել ոստիկանության հետ կապված որեւէ միջապես, որեւէ անհարթություն: Բայց ահա բավական էր, որ ՄԻՊՄՖ համաժողովը Երեւանում ավարտեր իր աշխատանքն ու իրավապաշտպանները հեռանային Հայաստանից, երբ ոստիկանությունն անմիջապես անցավ ընդդիմության հետ իր փոխհարաբերության ավանդական մոդելին: Դրա մասին է վկայում այն, որ ապրիլի 9-ին Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանները ընդդիմության ակտիվիստներին թույլ չեն տվել բողոքի խաղաղ ակցիա իրականացնել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Բանն այն է, որ դատարանը քննարկում էր Նիկոլ Փաշինյանի գործով նրա պաշտպանների բողոքը, իսկ ընդդիմության ակտիվիստները դատարանի շենքի դիմաց փորձել են բողոքի ակցիա անցկացնել: Ոստիկանները խոչընդոտել են նրանց այդ փորձը: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիան եթե ցանկանում է իսկապես արդյունավետ ազդեցություն ունենալ Հայաստանում մարդու իրավունքի պաշտպանության գործընթացի համար, ապա թերեւս պետք է “մարտական” հերթապահություն սահմանի Երեւանում եւ ոչ թե մի քանի տասնյակ կամ հարյուր հոգով միանգամից գան ու միանգամից էլ գնան Հայաստանից, այլ հերթապահեն այստեղ եւ իրար փոխեն, որպեսզի ոստիկանության հանդուրժողությունը լինի տեւական` եւ ով գիտե, գուցե դառնա նաեւ սովորություն:

No comments: