Saturday, April 10, 2010

Հայ-թուրքական հարաբերությունները նման են ականապատ դաշտի

PanARMENIAN.Net - 8 ապրիլի 2010 - Վերջին 300 տարում հայ ժողվորդի բոլոր նախաձեռնությունները, որոնք ազգային շահ են հետապնդել, անհաջող ավարտ են ունեցել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, գործարար Գուրգեն Արսենյանը: “Հաջողության հասնելու համար, Հայաստանը պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետթւթյան պետական շահով”,-ասել է Արսենյանը` հավելելով, որ ի տարբերություն Երևանի, Անկարան ու Բաքուն հենց այդ շահով են ղեկավարվում: “Ելնելով դրանից, հայ-թուրքական գործընթացը պետք է բխի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության պետական շահերից”,-նշել է Արսենյանը: Ընդ որում, անդրադառնալով պետական շահի գաղափարին, Արսենյանն ասել է, որ Հայաստանի համար առաջնային պետք է լինի հայ ժողովրդի ապահովությունն ու անվտանգության պաշտպանությունը: Ըստ նրա, պետականության տևական բացակայությունը ևս բացասաբար է անդրադարձել հայ հասարակության վրա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Գուրգեն Արսենյանն ասել է, որ այն նման է ականապատ դաշտի: “Մենք պետք է չափազանց զգույշ լինենք, որպեսզի այդ ականները չպայթեն”,-ասել է Արսենյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը ընթացքի մեջ է և Հայաստանում, և Թուրքիայում: Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանն Արսենյանն ասել է, որ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է կարգավորեն իրենց հարաբերութւոնները, որի համար իշխանությունները պետք է քաղաքական կամք դրսևորեն: “Հայաստանի նախագահը պետք է նոր համաներում հայտարարի եւ ազատ արձակի այն մարդկանց, որոնք կալանավորվել են իրենց քաղաքական հայացքների համար”,-ասել է Արսենյանը: Ընդ որում, նա նշել; է, որ երկխոսություն պետք է հաստատվի իշխանությունների և ընդդիմության միջև: “Կողմերը պետք է լսեն և հասկանան միմյանց”,-հավելել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը: Մեկնաբանելով արտահերթ ընտրությունների հավանականությունը` Արսենյանն ասել է. “Մեր կուսակցությունը եղել և մնում է հերթական ընտրությունների կողմնակիցը”: Նա նաև քննադատել է ՀՀ կառավարության գործունեությունը` նշելով, որ այն խփեց բոլոր ռեկորդները` պարտքեր կուտակելով: “ինձ համար անհասկանալի է մեր կառավարության գործունեությունը”,-ասել է Արսենյանը:

No comments: