Saturday, April 10, 2010

ԹՈւՐՔԵՐԸ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՅՑՈւՄ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ԽԱԲԵԼ

Եթե չլիներ Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտությունը», ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` նախագահ Սերժ Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելը կարելի էր համարել մեր երկրի արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերում: Աշխարհի շատ երկրների ղեկավարներ չեն, որ արժանանում են գերտերության առաջնորդի հրավերին: Պակաս կարևոր չէ, թե ինչ մղումներից ելնելով են ամերիկացիները Հայաստանի ղեկավարին հրավիրում իրենց երկրի մայրաքաղաք` մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Սերժ Սարգսյանին ԱՄՆ հրավիրելու Բարաք Օբամայի մղումը զուտ ամերիկյան շահերի տեսանկյունից բացատրելի ու հասկանալի է: Օբաման ժամանակին` նախընտրական պայքարի ընթացքում, ամերիկահայերին խոսք է տվել, որ ընտրվելու դեպքում իրերը կանվանի իրենց անուններով և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: 2009-ի Ապրիլքսանչորսյան ուղերձում Օբաման դրժեց խոստումը և որպես արդարացում, բնականաբար, հիշեցրեց հայ-թուրքական գործընթացը: Անշուշտ, Օբաման «ցեղասպանություն» բառից խուսափելու այլ պատճառ էր կարող բերել (կամ չբերել), սակայն տվյալ դեպքում նա օգտագործեց ընթացքի մեջ գտնվող հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը»: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի այս տարի էլ Օբաման խուսափի «ցեղասպանություն» բառից: ԱՄՆ նախագահը այս անգամ էլ կհիշատակի շարունակվող հայ-թուրքական գործընթացը կամ մերձեցումը: Իսկ եթե Վաշինգտոնում ապրիլի 11-13-ին կայանա Օբամա-Սարգսյան-Էրդողան հանդիպում (թեկուզ ոտքի վրա, ինչպես Օբաման 2009-ի ապրիլի սկզբին Թուրքիայում մի քանի բառ փոխանակեց Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի ու Միշլին Քալմի Ռեյի հետ), ինչպես նաև առանձին հանդիպում Սարգսյանի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև, ապա այս դեպքում արդեն Ցեղասպանության մասին մտածելն անգամ դառնում է շռայլություն: Օբամայի` Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելու «փորացավը» հասկանալի է: Հայերը պատմականորեն ապացուցել են, որ հենց իրենք են այն ժողովուրդը, որ սիրում է կամովին խաբվել մեծ քեռիների խոստումներին: Այսօր Վաշինգտոն-Անկարա ռազմավարական հարաբերություններում կան որոշ անհասկացողություններ, ու չնայած ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոստումներին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի բերվի Կոնգրեսի օրակարգ, թուրքերը զայրացած են, դեսպան հետ կանչեցին, ամերիկացիներին հոխորտացին, իսկ Էրդողանը սպառնաց, թե Թուրքիայից կվտարի 100 հազար հայաստանցիների: Սարգսյանին Վաշինգտոն հրավիրելով, գուցե նաև Էրդողանի ու նրա միջև հանդիպում կազմակերպելով, Օբաման «կքավի իր մեղքերը»: Նույնչափ հասկանալի է նաև թուրքերի «փորացավը»: Նրանք շատ այլ բաների հետ ուզում են բարեհաջող կերպով հերթական Ապրիլ 24-ը հաղթահարել: Հենց այս ենթատեքստում պիտի դիտարկել Թուրքիայի վարչապետի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիլիօղլուի այցը Երևան: Վերջինս չորեքշաբթի օրը հանդիպել է Նալբանդյանի, ապա` Սարգսյանի հետ: Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տարածել է, որ Սարգսյանը Սինիլիօղլուին ընդունել է վարչապետ Էրդողանի խնդրանքով: Բանագնացը նախագահին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր և Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները: Թուրքիայի վարչապետը Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Հասկացա՞ք: Մի կողմից Օբաման է հրավեր ուղարկում Սարգսյանին, մյուս կողմից Էրդողանն է հանդիպում հայցում: Ավելին, Սինիլիօղլուն Հայաստանի նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ: Սա այն նույն Էրդողանն է, ով սպառնում է 100 հազար հայերի վտարել իր երկրից, իսկ Հայաստանում ավելի շատ կենտրոնանում են ոչ թե վտարման փաստի, այլ թվերի վրա, ասելով, թե Էրդողանը խիստ ուռճացնում է թվերը, հայաստանցիների թիվը 10-15 հազար է: Հանդիպում «հայցողը» նույն Էրդողանն է, ով Հայաստանի ղեկավարության քար լռության պայմաններում տասնյակ անգամներ հայերին մեղադրել է զավթողական քաղաքականություն վարելու մեջ, ասել, որ սահմանը չի բացի, քանի դեռ ԼՂ-ում չկա ստատուս-քվոյի փոփոխություն (կարդալ` մի քանի շրջան հետ տվեք մեր ադրբեջանցի եղբայրներին): Երբ նախագահ Սարգսյանը մի քանի օր առաջ գերմանական «Շպիգելին» տված հարցազրույցում ասաց, որ «Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է, որպեսզի, երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները կոչ անեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, կարողանան ասել` սպասեք հանձնաժողովի արդյունքներին», որոշ հայեր մտածեցին, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես գիտակցել է, որ Անկարայի նպատակը հայ-թուրքական գործընթացը հավերժ պահելն է, այլ ոչ թե շրջափակման վերացումը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Գուցե Հայաստանը մի անգամ էլ է՞ ուզում կամովին խաբվել թուրքական խոստումներին: Եթե այո, ապա ժամանակացույցը շատ ճիշտ է ընտրված` ապրիլի 24-ի նախօրեին: Ի վերջո, երբ անցնող տարվա ապրիլի 23-ին հրապարակվեց «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունը, Հայաստանը ապացուցեց, որ ի դեմս իր գործող իշխանությունների հաղթահարել է ամոթի կարծրատիպը և պատրաստ է ցանկցած օր ու ցանկացած վայրում ստորագրել թուղթ: Ինչ-որ թուղթ, որը օրինակ բերելով, աշխարհը ծափ կտա մեր երկրի ղեկավարության խիզախության համար: ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

No comments: