Thursday, April 29, 2010

«Ռոստոմ» աղջ. դպրոցի ապագան մշուշի մեջ

Երեկ, ապրիլի 28-ին, Թեհրանի հայոց ազգային «Ռոստոմ» աղջ. դպրոցի Ծնողական խորհրդի պահանջով և ԹՀԹ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ, նույն դպրոցի դահլիճում կայացավ հանդիպում, ուր ներկա էին Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարյանն ու կազմի անդամներից 3-ը, դպրոցի Ծնողական խորհրդի անդամները, ուսուցիչներ և աշակերտության ծնողների մեծամասնությունը, այդ թվում նաև Տ. Մաշտոց քհն. Խաչատրյանը: Խիստ զգացվում էր քաղաքամասի պատգամավորների բացակայությունը: Հանդիպումն սկսվեց Հ. Շահնազարյանի զեկույցով, որտեղ զեկուցողը «հիմնավորում, բացատրում» էր «Ռոստոմ» դպրոցի փակման և «Սահակյան» ոչ-շահադիտական դպրոցը «Ռոստոմ»-ի շենք տեղափոխելու պատճառները: Ըստ Հ. Շահնազարյանի. - «Քանի որ բահար քաղաքամասի հայ բնակչության նոսրացման հետևանքով աշակերտության թիվը պակասել է, «Ռոստոմ» աղջ. դպրոցի պահելը այս պայմաններում հավելյալ ծախս է պարտադրում մեր ուսերին»: - «Ռոստոմ» և «Արաքս» աղջկանց դպրոցների միատեղվելով ինքնաբերաբար կհարթվի ֆինանսական դժվարության խնդիրը, որովհետև երկու դպրոցների միատեղումով կիսվելու են ծախսերը»: - «Դպրոցների միատեղումը բարձրացնելու է նրանց մակարդակը»: - «Արաքս» աղջ. դպրոցը ավելի սերտ հարաբերություններ ունի 6-րդ շրջանի Կրթադաստիարակչության հետ և բավականին օգնություններ է ստանում նրանից, օրինակ հենց վերջերս 6 հատ «լաբթափ» կոմպիոտեր է ստացել»: -«Սահակյան» դպրոցի տարողությունը 600 աշակերտ է, բայց ներկայումս մոտ 120 աշակերտ ունի և անիմաստ է այս վիճակով շարունակել»: -«Սահակյան» դպրոցի տարածքը շենքը կարելի է ավելի շահավետ օգտագործման հանձնել… Հ. Շահնազարյանի զեկույցը սակայն ընդհատվեց, համարյա բոլոր, ներկաների բուռն բողոքի հետևանքով և անգամ հարց ու պատասխանի չհասավ: Ներկաները բողոքում էին Շահնազարյանի տրամաբանության դեմ: Նրանք շատ հարցեր բարձրացրին. - Երբ հենց այս վերջերս «Արամ» սրահը վաճառվել է մոտ 40 միլիարդ ռիալով, ըստ Թեմական խորհրդի «ազգային իշխանության» բացը լրացնելու համար, էլ ի՞նչ ֆինանսական դժվարությունից եք խոսում: - Մեր համայնքը հարուստ է մեծաթիվ կալվածներով ինչո՞ւ Թեմական խորհուրդը դրանց տրամաբանական շահագործման ենթարկելու շուրջ ծրագիր չի մշակում, չէ որ Թեմական խորհուրդը պարտավորություն ունի կարգավորել այդ հարցերը. օրինակի համար բավականին կալվածներ ձրիաբար տրամադրված է որոշ անհատների և հիշվեցին մի քանի անուններ: - «Եթե Թեմական խորհուրդը նպատակ է դրել բոլոր ազգային կալվածները վաճառել և զանգվածային արտագաղթ կազմակերպել, թող ինչքան շուտ այդ ծրագիրը ներկայացնի համայնքին»: - «Ինչպես երևում է Թեմականը արտագաղթելու ծրագիր ունի, բայց հուշքը հետ է կալվածների համար և ուզում է ամբողջը ծախել, հետո գնալ»: - Խնդրում ենք դուք թողնեք սրահը և նրանք, ովքեր ձեզ նշանակել են այդ աթոռին թող նրանք (Թեմականի անդամները) գան այստեղ հարցերին պատասխանելու: - Ինչո՞ւ Թեմական խորհրդից ոչ ոք չկա այստեղ: - Միթե՞ մենք ապագա սերնդի հանդեպ պատասխանատվություն չունենք, որ սկսել ենք մեր ազգային ունեցվածքը ծախծխել: - «Արամ» սրահի վաճառքը, թեմի բյուջեի բացը ծածկելու պատրվակով, ազգային իշխանությունների սխալ տնօրինության արդյունքն է: Չէ որ մենք պարտականություն ունենք ազգային ունեցվածքը ավելի հարստացնելով փոխանցել գալիք սերնդին: - Ծնողները իրենց մտահոգությունը հայտնեցին նաև «Սահակյան» դպրոցի կալվածի ապագայի վերաբերյալ… Համահավաքը ընթացավ լուրջ, ջղային և տագնապալի մթնոլորտում: Ծնողներից ասացին նաև, որ «Ռոստոմ» դպրոցի փակումից հետո, իրենց զավակներին արձանագրելու են պարսկական դպրոցում, դրա ընդհանուր պատասխանատվությունը բեռցնելով Կրթական խորհրդի վրա: Հանդիպման արդեն առաջացած ժամին Հ. Շահնազարյանը, տեղի տալով ծնողների ճնշմանը, ասաց. «Այդքան էլ կարևոր չէ ֆինանսականի հարցը: Մենք «Ռոստոմ» դպրոցի աշակերտությանը ձրի երթևեկության հնարավորություն կտրամադրենք»: Ծնողներից մեկը այստեղ հիշեցրեց, որ«Սահակյան» դպրոցի համար էլ նման խոստում տվեց Կրթականն ու չկատարեց: Մեկն էլ ասաց,- որ «Ռոստոմ» դպրոցը չունի միջնակարգ դպրոցի համար համապատասխան տարածք: Իսկ Հ. Շահնազարյանը պատասխանեց, որ կողքի շենքերը գնելու ծրագիր ունենք, որը պիտի ավելացնենք այդ տարածքին: Վերջում Հ. Շահնազարյանն ասաց որ դուք ձեր բողոքը կարող եք ներկայացնել Պատգամավորական ժողովի գալիք նիստին, որը կայանալու է մայիսի 4-ին: Հետաքրքիր էր որ Հ. Շահնազարյանը հանդիպման սկզբում հայտարարել էր, որ արդեն ծրագիր է մշակվել «Ռոստոմ» դպրոցի փակման և «Սահակյան» դպրոցի տեղափոխման համար ու ամեն ինչ վերջացած է իսկ վերջում ասաց. «Թեև ես անձամբ կողմ եմ առնված որոշմանը, բայց կարելի է ծրագիրը վերանայել»: Իսկ Ներկաները որոշեցին գալիք շաբաթ օրը մի հանդիպում ունենալ և կազմակերպել ստորագրահավաք, որը որպես բողոք պիտի հղվի պատկան մարմիններին:

No comments: