«Լրագիր» 10-4-2010- Սերժ Սարգսյանը հերքեց վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտալուտ հրաժարականի մասին, եւ ըստ այդմ` վարչապետի պաշտոնում նոր մարդու նշանակելու միջոցով իշխանության փոփոխության հնարավորության մասին խոսակցությունները: Նա ասել է, թե անցյալ տարի, երբ տնտեսական անկումը կազմել է 17 տոկոս, հրաժարականի համար ավելի շատ պատճառ կար, սակայն այդ հարցը չգիտես ինչու ոչ ոք չէր բարձրացնում, իսկ ներկայում, երբ տնտեսությունը սկսել է վերականգնվել, ինչ որ մեկի մտքով անցել է պահանջել տնտեսական թիմի հրաժարականը:
Ակնհայտ է, որ այս հայտարարությունն ուղղված չէր հասարակությանը, որը սկզբունքորեն ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ոչինչ չի պահանջում, այլ կոնկրետ մարդկանց: Հնարավոր է, Գագիկ Ծառուկյանին, չի բացառվում` Ռոբերտ Քոչարյանին, գուցե եւս ինչ որ մեկին, ով “կյանքում գիրք չի կարդացել, եւ հիմա փորձում է մեզ խորհուրդներ տալ”:
Զուր չէ, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արել է Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին: Նա պետք է ցույց տար, որ իր դիրքերն ամուր են, եւ ի վիճակի է որոշումներ ընդունել: Հնարավոր է, նա ենթադրում է, որ Վաշինգտոնից, ուր նրան կարող են լուրջ բաներ առաջարկել, կարող է վերադառնալ լիովին այլ երկիր, որտեղ նրան սպասում են կոշտ մեղադրանքներ: Իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ եթե նախագահը չի համաձայնում արտահերթ ընտրությանը եւ “պալատական” իշխանափոխությանը, չի մնում այլ բան, քան արտակարգ իրավիճակ հրահրելը (դեֆոլտ, կամ դավաճանության մեղադրանք), որի արդյունքում “ավելի ուժեղը” կարող է իր վրա վերցնել երկրի կառավարումը:
Մնում է միայն պարզել, թե ինչպես է “ավելի ուժեղը” պատրաստվում կառավարել: Եթե նա մտադիր է պարզապես մի քիչ “արդիականացնել” եղած համակարգը, կամ ձգել պտուտակներն ու ինչ որ մեկին դնել տեղը, դա ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ, ընդամենը: Նոր մարդը պետք է վճռական լինի համակարգն արմատապես փոխելու հարցում:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Saturday, April 10, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment