Sunday, May 9, 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր միմյանց են խառնված տոնական ու մարտական տրամադրությունները

Panorama.am. 8-5-2010- «Տոնական ու մարտական տրամադրությունները միախառնված են, զգոնությունը չենք կորցնում, մարտական բարձր պատրաստվածությունը միշտ էլ առկա է սահմանային գոտիներում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ Արցախում մայիսի 9-ին նշվում է նաև Պաշտպանության Բանակի օրը, այնպես որ արցախցիները մայիսի 9-ին երեք կարևոր տոն են նշում: Ս. Հասրաթյանն ասաց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մասնկացությամբ Շուշիի ազատագրման 18-ամյակին ու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է մայիսի 6-ից, որոնց մասնակցում են ինչպես ՊԲ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական գերատեսչությունների ղեկավարներ: Այսօր երեկոյան եռատոնին նվիրված հանդիսավոր նիստ է անցկացվելու, որին մասնակցելու են հյուրեր արտերկրից: Վաղը առավոտյան ժամը 9-ից ծաղկեպսակներ կտեղադրվեն տարբեր բնակավայրերում կառուցված Հայրենական մեծ պատերազմի զոհերի ու Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին, նաև Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում: Բոլորն էլ կանցկացվեն պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մայիսի 9-ին նախատեսված է նաև այցելություն Շուշի: Հոբելյար այս քաղաքում ծաղիկներ կդրվեն ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստեփանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանների մոտ: Մայիսի 9-ին Շուշիում նախատեսված է նաև 14 զինվորական ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակարանների նորամուտ: Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում զինվարականների ընտանիքներին է տրամադրվել ավելի քան 150 բնակարան:

No comments: