Saturday, May 8, 2010

Դադարեցրեք տեղեկատվական պատերազմը. լրատվամիջոցներին ուղղված կոչ Ստեփանակերտից

Tert.am. 7-5-2010- Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն այսօր հանդես է եկել քարոզչական պատերազմը դադարեցնելու հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցներին և լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին։ «Ղարաբաղյան ճակատում 1994 թվականին հաստատված հրադադարը կարևոր դեր է խաղացել հակամարտող կողմերի միջև ռազմական դիմակայության դադարեցման և բանակցային գործընթացի աշխուժացման գործում։ Սակայն դա բավարար չէր հակամարտության վերջնական կարգավորման համար։ Ավելին՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը և միջպետական պաշտոնական հարաբերությունների բացակայությունը վերջին տարիներին ոչ միայն նպաստել են լարվածության սրմանը հակամարտության գոտում, այլև աստիճանաբար ծանրացրել են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կոչվող ռազմաքաղաքական կշեռքի «ոչ խաղաղություն» նժարը։ Եվ այս գործում, ցավոք սրտի, պարսավելի դեր է կատարում մասս-մեդիան։ Շարունակվող և արդեն իսկ վտանգավոր թափ առած տեղեկատվական պատերազմը կամա-ակամա խաղում է, այսպես կոչված, հրետանային նախապատրաստության դեր, նպաստելով ուժային լուծման անխուսափելիությանը, լուծում, որն աղետալից հետևանքներ կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար։ Այս ոչ դյուրին իրավիճակում և 1994 թվականի մայիսի 12-ին կնքված հրադադարի համաձայնագրի 16-ամյակի նախօրեին նպատակահարմար եմ գտնում հանդես գալ նախաձեռնությամբ, որը միտված է հակամարտության բոլոր կողմերի տեղեկատվական դաշտում «հրադադարի» հաստատմանը և ռազմական դիմակայության տարիներին ստեղծված «թշնամու կերպարից» աստիճանական հրաժարմանը։ Վստահ եմ, որ տեղեկատվական դաշտում հրադադարը բարենպաստ պայմաններ կստեղծի ղարաբաղյան կարգավորման գործընթացում խաղաղ երկխոսության շարունակման համար, կնպաստի իրական փոխզիջումների և փոխընդունելի լուծումների որոնմանը և այս հարցում կողմերի մասս-մեդիաների դիրքորոշումների մերձեցմանը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին կոչ եմ անում նպաստել տեղեկատվական դաշտում 2010 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից թշնամական գործողությունների դադարեցմանը։ Սա առաջին հերթին նշանակում է հրաժարում այնպիսի հրապարակումներից, որոնք վիրավորում են ամբողջ ազգի ու նրա առանձին ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև ազգամիջյան թշնամանք ու պատերազմի քարոզչություն են պարունակում»,–ասվում է հայտարարության մեջ։

No comments: