Wednesday, May 19, 2010

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 19-05-2010- Օտարալեզու դպրոցներ բացելու խնդրի քննարկումները որքան դառնում են բուռն` հասարակության ավելի ու ավելի լայն շրջանակներ ընդգրկելով, նույնքան զարմանալի է դառնում մի քանի, այսպես կոչված, պատկան մարմինների լռությունը: Եվ այդ լռությունն այնքան խորն է ու անդրդվելի, որ ակամա մտածում ես, թե նրանք ի սկզբանե պայմանավորված են եղել` լռել, կամ էլ միանգամայն անտեղյակ են հանրությանը հուզող այս խնդրից: Խնդրից գուցե անտեղյակ է Լեզվի պետական տեսչությու՞նը; Վերջինիս լռությունից կարելի է կարծել, որ ԿԳ նախարարության օրենսդրական առաջարկությունը, որն ուղղակիորեն առնչվում է հայոց լեզվին, քննվել-ընդունվել է առանց այս մասնագիտական ստորաբաժանման տեսակետն իմանալու կամ հարցնելու: Եթե նույնիսկ այդպես է, միեւնույն է, խնդիրը վաղուց հրապարակի վրա է, եւ տեսչության վերաբերմունքն իմանալու անհրաժեշտությունն ակնհայտորեն կա: Չնայած ակնհայտությանը` տեսչության ոչ մի պաշտոնյա առ այսօր հրապարակայնորեն չի արտահայտել իր դիրքորոշումը: Եվ խնդրի լայն քննարկումների համապատկերի վրա Լեզվի տեսչության ու նրա ղեկավարի լռությունն անըմբռնելի է: Ըստ հարկի խոսելու համար այս կառույցն ու նրա ղեկավարը թեեւ այսպես համր են, բայց ահա խոսկան են դառնում առավել անվտանգ մտահոգություններ հրապարակ բերելիս: ԿԳ նախարարի` օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես գալուց օրեր հետո տեսչության պետի պաշտոնակատարը ծավալուն հարցազրույց է տալիս («Հայաստանի Հանրապետություն», 1 մայիսի 2010) եւ բառ իսկ չի արտաբերում նախաձեռնության մասին` ոչ եղել է, ոչ կա: Ոչ ոք չի պնդում (եւ չի ակնկալում), որ Սերգո Երիցյանն անվերապահորեն դեմ հանդես գա նախաձեռնությանը. նա նույնիսկ կարող է, իր նախարարի նման, օրենսդրական այս առաջարկն ազգաշահ համարել, բայց արդյո՞ք հարկ չկա խնդրի վերաբերյալ իր կամ իր ղեկավարած կառույցի կարծիքն ու դիրքորոշումն արտահայտել հրապարակայնորեն: Այդ դեպքում, ո՛վ գիտե, հանրությունը գուցե համոզվի՞, որ նախարարության նախաձեռնությունը միմիայն նպաստելու է սերունդների հայեցի կրթությանը: Սակայն պաշտոնակատարը լուռ է եւ ըստ երեւույթին այդպես էլ կմնա` մինչեւ վերջնական պաշտոնակալություն: (Նրա հարցազրույցում, ի դեպ, դարձյալ ու դարձյալ խոսվում է օտարագիր ցուցանակների եւ գովազդային վահանակների մասին: Դատելով հաճախականությունից, որով տեսչությունն անդրադառնում է այս խնդրին, պետք է կարծել, որ հայոց լեզվին սպառնացող մեծագույն վտանգը գալիս է հենց այդ օտարագիր ցուցանակներից եւ բնավ ոչ` օտարալեզու դպրոցներից): Խնդրի վերաբերյալ առ այսօր անհայտ դիրքորոշում ունի ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտը: Այս կառույցի անվանման մեջ «ազգային» բառը կարծեք հուշում է կրթության ազգային բովանդակության մասին, եւ այդ դեպքում անբացատրելի է մնում նաեւ ա՛յս կառույցի լռությունը: Մի՞թե նրա հարյուրավոր աշխատակիցները օրենքի նախագծում հայոց դպրոցի եւ հայեցի կրթության հանդեպ որեւէ ոտնձգություն կամ մարտահրավեր չեն տեսնում եւ այդ պատճառով են միահամուռ լուռ: Մայրաքաղաքային կառույցի պես` լուռ են նաեւ մարզայինները: Զարմանալի, գերատեսչական լռություն է` նման դավադրության: Անշուշտ, միամտություն կլիներ այս կառույցից, ինչպես որ Լեզվի պետական տեսչությունից, ընդդիմություն ակնկալել, բայց դա ամենեւին չի նշանակում, թե նրանց կեցվածքը նույնպես պիտի անդիմություն ենթադրեր: Որ օրենսդրական այս փոփոխություններով գլոբալ սպառնալիք է կախվում հայոց դպրոցի գլխին, փաստում են շատերը. որ փոփոխություններով եւս մի դավադիր հարված է հասցվում մայրենի լեզվին, ահազանգում են նույնպես շատերը: Հետեւաբար, առաջարկվող փոփոխությունները վտանգում են ազգային ինքնություն ապահովող երկու կարեւորագույն արժեք` դպրոց եւ լեզու, եւ այս առումով խնդիրը վերաճում է ազգային անվտանգության խնդրի: Ահա այստեղ է, որ նույնպիսի զարմանքով, ինչպես նախորդ դեպքերում, վերստին արձանագրում ենք` առ այսօր խնդրի առնչությամբ որեւէ վերաբերմունք չի դրսեւորել Ազգային անվտանգության խորհուրդն ու նրա քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Եթե ԱԱԽ քարտուղարի լռությունը համաձայնության նշան է, ապա պիտի ասել, որ դա շա՛տ զարմանալի նշան է, որովհետեւ, մեր ըմբռնմամբ, այս կառույցն իր բնույթով իսկ պիտի հակված լինի ազգային անվտանգության խնդիր տեսնել նույնիսկ այնտեղ, ուր դա չկա էլ, ուր մնաց այնտեղ, ուր խնդիրը հազարավոր հասարակ մարդկանց համար էլ ակնհայտ է: Խնդրի առնչությամբ մասնավոր կարգով որեւէ վերաբերմունք չեն դրսեւորում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները` այն դեպքում, երբ ընդունվելիք փոփոխություններով ի չիք է դառնում ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի բացարձակությունն ու անվերապահությունը` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Սահմանադրական այս դրույթի գործողության պայմաններում ինչպե՞ս են ՀՀ-ում հիմնվելու եւ գործելու օտարալեզու ուսուցմամբ պետական դպրոցներ, անհասկանալի է: Փոփոխությունների ընդունումից հետո դրանց հակառակորդներն անտարակույս կդիմեն Սահմանադրական դատարան` օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով, եւ ՍԴ-ն, հիմա իսկ կարելի է պնդել, պահանջը բավարարելուց բացի այլ որոշում կայացնելու հիմք չի ունենա: Ուրեմն ինչո՞ւ հիմա՛ չկասեցենել այդ իզուր ու ի սկզբանե դատապարտված ընթացքը` հրապարակավ եւ կանխավ վերաբերմունք արտահայտելով: Դատելով օտարալեզու դպրոցներ հիմնելու մասին ԿԳ նախարարի ելույթների հաճախականությունից եւ գործընթացը միայնակ առաջ տանելու պատրաստակամությունից` պետք է ենթադրել, որ օրենսդրական այս նախաձեռնությունը ոչ թե նախարարությանն է, այլ` նախարարինը` միայն: Եվ եթե նկատի ունենանք այն տարօրինակ լռությունը, որ խնդրի շուրջ պահպանում են մյուս բոլոր կրթական պաշտոնյաները, վերն ասվածը դառնում է առավել քան հավանական: Այո, զարմանալի լռություն է մանկավարժական հանրության շրջանում: Հիշեցնենք, որ մանկավարժական նպատակներ հետապնդող զանազան ՀԿ-ների, հիմնադրամների կողքին մենք ունենք նույնիսկ Մանկավարժական գիտությունների ակադեմիա` իր ակադեմիկոսներով` բնականաբար, բայց որը, ավաղ, նույնպես լուռ է, ինչպես Գիտությունների ազգային ակադեմիան: Այո, մեր կրթական համակարգը ճչում է մանկավարժ-գիտնականների` հազարավոր թեկնածուների եւ դոկտորների առատությունից, սակայն առատությունից ճչացող այդ զանգվածը նույնպես լուռ է: Ընդամենը մի քանի օր առաջ (մայիսի 14-ին) մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալու համար Երեւանի պետական մանկավարժական համալսարանում գիտական թեզ էր պաշտպանում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հաջողություններ մաղթելով տիկնոջը մանկավարժագիտական հետագա պրպտումներում` ասենք, որ հատկապես այս օրերին եւ հատկապես իրենից ու իր նմաններից ակնկալում էինք հայոց դպրոցի պաշտպանություն: Այդպես նույն ակնկալիքը կար եւ կա նաեւ մյուս մանկավարժագետ (մանկավարժական գիտությունների թեկնածու) պատգամավորներից` Հրայր Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Արմեն Մարտիրոսյան: Մանկավարժության այսօրինակ նվիրյալ ընտրյալներ ունենալով` իրավունք չունե՞նք նրանց նույնպես հարցնելու` ե՞րբ է գալու ձե՛ր խոսելու ժամանակը: Հիշեցնենք, որ նրանց գործընկեր Լիլիթ Գալստյանը, օրինակ, վաղուց խոսել է, եւ հանրությունը շնորհակալ է նրան խնդրի առնչությամբ հստակ վերաբերմունք արտահայտելու եւ, ինչպես բազմահազար հայորդիք, նախագծին կտրականապես դեմ լինելու համար: ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Վանաձոր

No comments: