Monday, May 10, 2010

Ալեքսանդր Ռարը ԼՂ խնդրի լուծման գերմանական տարբերա՞կ է առաջարկում

Tert.am. 10-5-2010- Չնայած Արևմուտքին չհաջողվեց ներկա փուլում բացել հայ-թուրքական սահմանը, սակայն նա ետքայլ չի անելու և շարունակելու է ջանքեր գործադրել սահմանի բացման ուղղությամբ: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ երկրների և էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը: «Խնդիրը միայն հայ-թուրքական սահմանը չէ: Եվրամիությունն ու Արևմուտքը Թուրքիայի միջոցով ցանկանում են ազդել հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա և այդ պատճառով հետագայում նույնպես շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ (սահմանի բացման,- Tert.am): Հայ-թուրքական սահմանի բացումը բխում է համաշխարհային մասշտաբի շատ դերակատարների շահերից: Նրանք ցանկանում են, որպեսզի տրանսպորտային միջանցքները Հարավային Կովկասով անցնեն դեպի Թուրքիա և Եվրոպա: Այդ պատճառով հետագայում նույնպես այդ հարցը օրակարգից չի հանվի»,- ասել է Ալեքսանդր Ռարը: Պատասխանելով այն հարցին, թե «Հայ-թուրքական սահմանի բացման հարցում արդյո՞ք հաշվի կառնվի ղարաբաղյան հիմնախնդիրը», փորձագետը հայտարարել է. «Միակ երկիրը, որը պահանջում է միմյանց շաղկապել այդ երկու գործընթացները, Ադրբեջանն է: Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն նախընտրում են այլ ուղի: Նրանք ցանկանում են, որ սահմանների բացմամբ տարածաշրջանում սկսվի ջերմացում, երկու ժողովուրդների միջև գերիշխի բարեկամությունը, և այդ դեպքում խնդիրը հնարավոր կլինի լուծել ավելի ջերմ մթնոլորտում: Սակայն ես կարծում եմ, որ Եվրամիությունը նորից կփորձի սեղանի շուրջ նստեցնել Հայաստանին և Թուրքիային»: Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հայտարարությունները` Ռարն ընդգծել է, որ Արևմուտքը դեմ է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծմանը։ «Արևմուտքը կողմ է խնդիրների` խաղաղ ճանապարհով լուծմանը: Նույնիսկ եթե դրանք տևում են տարիներ, իսկ որոշ դեպքերում էլ` տասնամյակներ: Լավագույն օրինակը Գերմանիան է, որն իր միավորմանը սպասեց 45 տարի»,- նշել է Ալեքսանդր Ռարը:

No comments: