Saturday, June 25, 2011

Կազանյան հանդիպումը՝ համաշխարհային մամուլում

Panorama.am.25-6-2011- Այսօր միջազգային առաջադեմ բոլոր գործակալություններն ու պարբերականներն անդրադարձել են նախօրեին Կազանում անցկացված նախագահներ Ս. Սարգսյանի, Դ. Մեվեդևի ու Ի. Ալիևի եռակողմ հանդիպմանը, որը, ըստ փորձագիտական կանխատեսումների, միտված էր բեկումնային լինելու ԼՂ հակամարտության հանգուցալուծման հարցում:
Առավել հետաքրքրաշարժ անդրադարձերից էր ամերիկյան «The New York Times» պարբերականի Էլեն Բերրիի հեղինակած հոդվածը, որտեղ նշվում է, թե չնայած միջազգային հանրության, համանախագահների ու միջնորդ երկրների ղեկավարների հուսադրող հայտարարություններին, առաջընթաց չարձահագրվեց:
«Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականաչափ ժամանակ ու քաղաքական կապիտալ էր ներդրել գործընթացում, սակայն ռուսաստանյան ընտրությունների հեռանկարն ավելի է բարդացնում մոտալուտ հանգուցալուծումը»,- ասված է հոդվածում:
Բացի այդ` բանակցային գործընթացի մասնակիցներից մեկը, ում անունը չի հրապարակվում, պարբերականին ասել է, թե չնայած սպասումները չարդարացան, այդուհանդերձ, Կազանյան հանդիպումը վերջին հնարավորությունը չէր, և աշխատանքները դեռ կշարունակվեն:
Մեկ այլ հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը, գնահատելով հանդիպման արդյունքները, գրում է, թե «Կազանյան հանդիպումը վերջին 10 տարիների լավագույն հնարավորությունն էր Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու համար»:
«The Washington Post» պարբերականը իր վերլուծականում զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ով նշել է, թե «կողմերը շատ հեռու են համաձայնությունից, սակայն հանդիպումներն օգտակար են կանխարգելիչ դիվանագիտության տեսակետից»:
Ռիչարդ Կիրակոսյանը իր մեկնաբանություններն է տվել նաև «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանին` նշելով, թե «ի տարբերություն հայկականի` ադրբեջանական դիվանագիտությունը մաքսիմալիստական ուղեգծի հետևորդ է», ինչն էլ իր հերթին խոչընդոտում է փոխհամաձայնությունը:
Կազանյան հանդիպմանն են անդրադարձել նաև «Եվրոնյուզ», «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունները, «Ֆրանս Պրես» ու «Ռոյթերս» գործակալությունները: Նշվում է, թե բանակցային գործընթացի ձախողումը մտորումների տեղիք է տալիս ոչ այնքան հակամարտության մեջ ներգրավված կողմերին, որքան միջնորդներին, մասնավորապես, վերջերս հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնած Ռուսաստանին:

No comments: