Saturday, May 8, 2010

Պետք է ձերբազատվենք պատրանքից, թե Թուրքիան փոխվել է. Արմեն Ռուստամյան

Terta.am. 7-5-2010- «Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողը մենք էինք, բայց այսօր մենք չենք նախաձեռնության տերը և պետք է ամեն ինչ անենք՝ այդ պատանդի կարգավիճակից դուրս գալու համար»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի երևանյան խորհրդաժողովում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Ռուստամյանի խոսքով, բոլորի համար էլ պարզ է, որ հայ-թուրքական գործընթացը սոսկ երկու պետությունների խնդիր չէ. այն բանալի է տարածաշրջանում մյուս խնդիրների լուծման համար։ Ըստ նրա՝ Արձանագրությունների ստորագրման օրը Ցյուրիխում գերտերությունների պաշտոնյաների ներկայությունը վկայում է հենց այդ մասին, որ հայ-թուրքական գործընթացում շահագրգիռ կողմերը շատ են։ «Առաջին հերթին, մենք պետք է ձերբազատվենք այն պատրանքից, թե Թուրքիան փոխվել է»,– հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ ավելացնելով, որ որևէ փաստ չկա այն մասին, որ Թուրքիան նախկին Թուրքիան չէ։ Երկրորդ պատրանքը, որից, ըստ դաշնակացական պատգամավորի, ևս պետք է ազատվել, այն է, թե հակադրություն կա Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ռուստամյանի համոզմամբ, այդ պատրանքը «սին և ինքնախաբեության տանող մոտեցում է»։ Անդրադառնալով Արձանագրություններին՝ Արմեն Ռուստամյանը վերահաստատեց Դաշնակցության մոտեցումը, թե Արձանագրություններից պետք լիովին ազատվել և ոչ թե կասեցնել դրանց վավերացման ընթացքը։ «Թուրքիային հենց սա էլ պետք է՝ գործընթաց առանց արդյունքների»,– հայտարարեց Ռուստամյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի հետ նախապայմաններով խոսելու Թուրքիայի մոտեցումը շատ լավ առիթ է Արձանագրություններից լրիվ ազատվելու համար։

No comments: