Tuesday, June 22, 2010

ՀՀ նախագահ. Մեր խնդիրն իրականության ներկայացումն է

Panorama.am. 22-6-2010- Թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանն արդյունավետ հակազդելու բանալին իրականությունն ամբողջությամբ աշխարհին ներկայացնելն է: Այսպիսի տեսակետ արտահայտեց հունիսի 21-ին գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Բեռլինից: Հայ համայնքի ներկայացուցիչները նախագահի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեցին, որ ադրբեջանական և թուրքական կազմակերպություններն ակտիվացրել են հակահայկական լոբբիստական աշխատանքներն ու քարոզչությունը: Այս դիտարկման հետ հանրապետության ղեկավարրը համաձայն էր: «Հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ այսօր տեսնում ենք անհանդուրժողականության հսկայական ալիք Ադրբեջանի հասարակության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի բոլոր պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու համար` արդյո՞ք նրանցից յուրաքանչյուրի նախատատի կամ նախապապի մեջ չկա հայկական արյուն», - ասաց նախագահ Սարգսյանը` նշելով, որ այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե խիստ վտանգավոր չլիներ: «Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ բնականաբար լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով»,- շարունակելով խոսքն` արձանագրեց հանրապետության ղեկավարը, ապա հավելեց. «Այս հակահայկական և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է»: Կոնկրետացնելով թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանն հակազդելու գործում անելիքները` նախագահն ասաց. «Եվրոպայում և հատկապես Գերմանիայում մեր խնդիրն է` ամրապնդել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և պարզապես հայ մարդու մասին իրական պատկերացումները: Մենք, ի տարբերություն ոմաց, ստելու կարիք չունենք: Ճշմարտությունը մեր դաշնակիցն է: Սա նշանակում է, որ իրականությունը հնարավորինս ամբողջական ներկայացնելը բխում է մեր շահերից»: Նախագահի խոսքով, իրականությունն աշխարհին հասցնելով մեծ նպաստ կբերվի թե Հայստանի, թե Արցախի և թե աշխարհասփյուռ հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը:

No comments: