Tuesday, June 22, 2010

«Արաննյուզ.իռ». «Պաշտոնական Բաքուն ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականությանը ծավալում է հակաիրանական քարոզչություն »

«Ադրբեջանի քաղաքական կազմակերպությունների կողմից հովանավորվող ազգայնական ուժերն Իրանի հյուսիսային Արդեբիլ, Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան նահանգները ընդգրկել են «Մեծ Ազերբայջան» կոչվող քարտեզում և համոզված են, որ պայքարում են վերոնշյալ տարածքների փրկության համար»: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը: «Պաշտոնական Բաքուն ոչ միայն աղավաղում է պատմական իրողությունները` կապված իրանական Արան և Շիրվան տարածքների հետ, այլև պաշտոնական և ոչ պաշտոնական գրքերի տպագրությամբ ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականությանը ծավալում է հակաիրանական քարոզչություն »,- գրում է իրանական կայքը: Ըստ տեղեկատվության, Ադրբեջանի Հանրապետության դպրոցական դասագրքերում Իրանի հյուսիսային 9 նահանգները, այդ թվում Գիլանը և Մազանդարանը նույնպես ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Դասագրքերում նշվում է, որ 500 տարի առաջ Ադրբեջան անունով երկիր է եղել: Թավրիզն ու Արդեբիլն էլ այդ երկրի մասն են կազմել, իբր իրանցիները Կյուրոս Մեծի օրոք գրավել են վերոնշյալ տարածքները: Ադրբեջանական դասագրքերի մշակութային բաժնում իրանցի գրողներ Խաղանին և Նիզամի Գյանջևին, առհասարակ իրանական մշակույթն ու արվեստը ներկայացվում է որպես ադրբեջանական: «Մեկ դար առաջ Արաքսի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, այդպիսի անունով տարածք չի եղել, «Ազերբայջան» անունը վերցված է Իրանի համանուն նահանգի անունից»,- եզրափակում է հոդվածագիրը: Հիշեցնենք, որ «գյունազ.թիվի» կայքի հաղորդմամբ ադրբեջանական կազմակերպությունները հունիսի 12-13-ը կայացած Բրյուսելի երկրորդ համագումարի ժամանակ որոշում են կայացրել ստեղծել «Հարավային Ադրբեջանի ազատագրության ազգային ճակատ» կառույցը: Իսկ Ադրբեջանի ազգային քաղաքական գործիչները Բաքվում վերջերս գաղտնի հավաք են անցկացրել, որտեղ որոշում է կայացվել «կապեր ստեղծել Իրանում ապրող այլ ազգերի դեմոկրատական եւ ազգային քաղաքական իրավունքների համար պայքարող կազմակերպությունների հետ եւ նրանց հետ միասին պայքար մղել Իրանի կենտրոնական կառավարության եւ իշխող շովինիստական պարսկական համակարգի դեմ»:

No comments: