Wednesday, June 9, 2010

ՀԱՍԿԱՑՈՂԻՆ ՄԻՆ ԱՍԱ, ՉՀԱՍԿԱՑՈՂԻՆ` ՀԱԶԱՐ ՈՒ ՄԻՆ

«ԱԶԳ», 09-06-2010- Ադրբեջանի ռազմական դոկտրինի քննարկումները ադրբեջանական խորհրդարանում չէին կարող եւ չեն էլ տարբերվել ընդհանուր այն վիճակից, որ աշխարհին ու նաեւ երկրի բնակչությանը քարոզչության միջոցով մատուցում են այդ երկրի իշխանությունները: Բնավ էլ անսպասելի չէր, որ այդ փաստաթղթում Հայաստանը ներկայացվելու է ագրեսոր երկիր, սակայն երբ անգամ այդ քննարկումներում առաջնային է ռազմատենչությունը, մնում է թերահավատ լինել եվրոպական շատ կառույցների աշխատանքի առնչությամբ, որոնք օրենսդրական դաշտի ու դոկտրինների «եվրոպական մոտեցումներ» են քարոզում: Ադրբեջանի ռազմական դոկտրինում խորհրդարանն ու երկիրը ամրագրում են, թե Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում` ռազմական ուժ, «գրավյալ տարածքներն ազատելու եւ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Եվ սա մատուցվում է «միջազգային իրավունքի նորմերին համապատասխան գործելու» շարադրանքի հետ մեկտեղ: Ի վերջո, Ադրբեջանին որեւէ մեկը որեւէ կերպ, ոչ դեկլարատիվ, այլ Ադրբեջանի համար «ընկալելի» ձեւով կհասկացնի՞, որ ռազմատենչությունն ու հակամարտության ռազմական լուծումն անընդունելի են, ինչպես քանիցս հայտարարել են հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

No comments: