Monday, June 21, 2010

«Խաղաղասեր» Սերժ Սարգսյանի պահվածքի մասին

7or.am. 21-6-2010- Երբ 2008-ին հայտարարվեց ՀՀ նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու մտադրությունների մասին, հիմնական շեշտադրումն այն էր, որ խաղաղություն ենք ուզում։ Անշու՛շտ, խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց դրան հասնելու ճանապարհը Սերժ Սարգսյանի աթոռային մրցակից «Հայկական Բուրբոնների» քարոզած քիրվայական գաղափարախոսությունը չէ և Թուրքիայի հետ «մուրացկանային դիվանագիտությամբ» չէ, որ պետք է հասնենք տարածաշրջանային կայունության և խաղաղության։ Այս ամենի մասին ժամանակին ասվել էր, սակայն թուրքական «մեղրամիսի» օրերին որոշ մարդիկ կանխավայելում էին Նոբելյան մրցանակը կամ խանդում այդ մրցանակի ապագա տիրոջը։ Բայց դեպքերը լրիվ այլ ձևով զարգացան։ «Ֆուտբոլային» որակված դիվանագիտությունը հիմա արդեն իր արդյունքներն է տալիս. հայ-թուրքական հարաբերություններն ավելի վատ են, քան Գյուլի Երևան գալուց առաջ, իսկ Արցախում մեծացել է պատերազմի վերսկսման հավանականությունը և այժմ մենք, թերևս, այդ պատերազմի նախնական փուլին ենք ականատես լինում։ Աստված տա՝ սխալվեմ այս հարցում։ Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք' թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: Այս տեղեկատվությունը տարածել էր ՀՀ ՊՆ-ն։ Եվ ահա այս ամենի ֆոնին, Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխարենը շտապ Հայաստան վերադառնալու՝ մնացել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ու հեռվից հեռու մուննաթ եկել Ալիևի վրա։ «Երեկ ուշ երեկոյան ինձ զանգահարել են և զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել և փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր։ Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ' հետ են քաշվել իրենց դիրքերը: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաև մենք, և ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին: Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը»,- նշել է Սարգսյանը, ով, փաստորեն, չի ցանկացել կիսատ թողնել հաջորդ օրը նախատեսված արարողակարգային ու կամերային միջոցառումները, որպեսզի, ենթադրաբար, Մեդվեդևի ու տեղի հայ համայնքի հետ մի երկու կադր ավել նկարահանվի ու այստեղի «ազատ, բայց պատասխանատուները» շենշող ու «նախաձեռնողական» հռետորաբանությամբ ռեպորտաժներ ցույց տան իր մասին։ Սա պետության առաջին դեմքին և երկրի անվտանգության պատասխանատուին ոչ հարիր պահվածք է, որն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ս. Սարգսյանն ասում է, թե երեկ իմացա, որ զոհեր ենք ունեցել ու ադրբեջանցիներն էլ հաջողացրել են ներխուժել ԼՂՀ տարածք, բայց հաջորդ օրը շարունակում է իր այցը՝ Մեդվեդևի հետ ներկա գտնվելով Սանկտ Պետերբուրգի համալսարանում ու ժամերով լսելով համալսարանի ռեկտորին, իսկ այնուհետև մասնակցելով Երևանի և Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջև համագործակցության ծրագրի ստորագրման և համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի և Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին: Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ և ՌԴ նախագահները եղել են Հովսեփ Օրբելու առաջիկայում կառուցվելիք հուշարձանի հիմնաքարի մոտ: Այսինքն ստացվում է, որ Արցախի հարցով բանակցությունից հետո Ալիևը մեկնում է և «ատամ» ցույց տալիս, իսկ մեր նախագահը դեռ շարունակում է «օտպուսկում» մնալ։ Պարզապես չեմ կարողանում բացատրություն գտնել այս ամենին։ Հիշեցնեմ, որ երբ «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշը մոտ 40 րոպե չէր կարողացել որոշում կայացնել և վերադառնալ Սպիտակ Տուն, հսկայական քննադատության արժանացավ։ Ի վերջո այդ ամենն ազդեց ընտրողների տրամադրության վրա, և նրանք հեռացրեցին հանրապետականներին և՛ օրենսդիր մեծամասնությունից, և՛ գործադիր իշխանությունից։ Հիշեցնեմ նաև, որ երբ վերջերս թուրք-իսրայելական միջադեպ տեղի ունեցավ և թուրքական կողմը զոհեր և վիրավորներ տվեց, վարչապետ Էրդողանն անմիջապես փոխեց իր արտաքին այցերի օրակարգը։ Մեր դեպքում գործ ունենք, ոչ թե երկրի ղեկավարի քառասուն րոպե որոշում չկայացնելու, այլ արտաքին այցը չընդհատելու և բացառապես սեփական PR-ով մտահոգ լինելու փաստի հետ։ «Սադրանքները միշտ էլ անընդունելի են, բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում' անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետևանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաև համանախագահների նկատմամբ», - դրսից «տղա բերելու», օտարին ապավինելու և համանախագահներից օգնություն հայցելու տրամաբանությամբ հայտարարում է Սերժ Սարգսյանը՝ մոռանալով, որ այս տարվա մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ բոլորիս դասեր էր տալիս՝ հայտարարելով, թե «Ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար և քո փոխարեն: ... Օտար ուժերին ապավինելն ու բոլոր հույսերն այլոց հետ կապելը նշանակում է լինել ոչ իրատես, ի վերջո' կործանվել»: Միջազգային հանրությանը դիմելու Սերժ Սարգսյանի մոտեցումը անհասկանալի է ոչ միայն մայիսի 28-ին ունեցած իր իսկ ելույթի ու քարոզած դասերի ֆոնին, այլ նաև հաշվի առնելով, որ այդ «միջազգային հանրություն» կոչվածը մատը մատին չի տալիս, երբ Ղրղզստանում հազարավոր մարդիկ են սպանվում և հարյուր հազարավորները տեղահանվում են։ Այդպես եղել է միշտ և այդպես լինելու է, և բոլոր այն ազգերը, որոնք չեն հասկանա խաղի այս կանոնը, դաժանորեն կպատժվեն։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ապավինել միայն սեփական ուժերին և հնարավորության դեպքում արտաքին դաշնակիցներ ունենալ։ Դաշնակցել, այլ ոչ թե ապավինել օտարին։ Իսկ դաշնակցում են ուժեղի և արժանապատվություն ունեցողի հետ, այլ ոչ թե խաղաղություն մուրացողի։ Մուրացողին հումանիտար օգնություն են տալիս, որը բաժին է հասնում մազապուրծ եղածներին։ Ի դեպ, զզվում եմ այդ «մազապուրծ» բառից։ Ինչ վերաբերում է հունիսի 18-ի դեպքերին, ապա դրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք լուրջ խնդիր ունենք երկրի ղեկավարման հետ կապված և, մասնավորապես, պաշտպանական գերատեսչությունում։ Հարցն այն չէ, որ ադրբեջանցիներն ավելի մարտունակ են և պետք է վախենալ նրանց սադրիչ հարձակումներից։ Ի վերջո, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ արժանի հակահարված կստանան, և պատերազմի դեպքում կկորցնեն ևս մի քանի շրջան։ Հարցն այն է, որ հետախուզական բնույթի մարտեր վարելով, մեր հարևանները որոշակի համակարգեր են ստուգում մեզ մոտ, և տեսնելով, թե ինչպիսի գերագույն հրամանատար է կանգնած հայկական զինված ուժերի ղեկին՝ կարող են արկածախնդրության դիմել։ Ա՛յ, դա չի կարելի թույլ տալ։ Անդրանիկ Թևանյան

No comments: