Thursday, July 29, 2010

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

Panorama.am. 29-7-2010- «Ես հավատում եմ, որ ճանաչելով ցեղասպանության փաստը, թուրքերը մի օր հաշվի կնստեն իրենց անցյալի հետ և կհասկանան, որ ազատագրում են իրենց ու իրենց հաջորդ սերունդներին բարոյական ծանր բեռից», - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը (Howard Berman), տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հանձնաժողովում Հանրապետական ու Դեմոկրատ կոնգրեսականները մասնակցել են «Թուրքիայի նոր արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» խորագրով լսումներին: Ըստ ANCA-ի, Բերմանը կարևոր է համարել այն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից: «Այս հանձնաժողովը մի քանի անգամ բանաձևեր է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և կարծում է, որ այդպես կնի նաև ԱՄՆ նախագահը», -հավելել է նա: Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ հարցը մի քանի անգամ բարձրացվել է լսումների ժամանակ: Մասնավորապես, Նյու Ջերսին ներկայացնող կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը նկատել է, որ Հայոց ցեղասպանության մերժումը հիմք է, որպեսզի այդ երկիրը մերժի, չճանաչի նաև Դարֆուրի ցեղասպանությունը: Իսկ ահա Կալիֆոռնիան ներկայացնող կենգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի, Հունաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններում որևէ մերձեցում չի նկատում: «Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումն անփոփոխ է, Կիպրոսում կան շուրջ 40 հազար թուրք զինվորներ», -հավելել է Ռոյսը և նշել, որ Թուրքիայում մատնանշված խնդիրների հարցում ԱՄՆ-ն մեծ դեր կարող է խաղաղալ` «տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»: Կանգրեսականները նաև նկատել են, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք է կիրառվում: Մասնավորապես կոնգրեսական Գուս Բիլիրակիսը նկատել է, որ այդ երկում չի թույլատրվում հայերին ու հույներին կրոնական արարողություններ կազմակերպել: Ըստ ANCA-ի, քննարկման ժամանակ եղել են նաև կոնգրեսականներ, ովքեր համառորեն պաշտպանել են Թուրքիային ու նրա ղեկավարության վարած արտաքին քաղաքականությունը:

No comments: