Thursday, July 29, 2010

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿԱՆԱՉՆ Ու ՍԵՎԸ ԹԱԹՈւԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՄԱՆՈւՆ ԳՐՔՈւՄ

Report.am. 29-7-2010- «Գուցե ինձ մեղադրեն հայամետ գիրք գրելու մեջ: Հնարավոր է, իսկապես հայամետ է, բայց հակաադրբեջանական չէ: Գրքում հակաադրբեջանակ ոչ մի տող չեք հանդիպի, քանի որ ես կարծում եմ, որ թշնամուն պետք է հարգանքով վերաբերվել»,- «Կանաչ ու սև» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանն այսպես ներկայացրեց գիրքը` «Ուրբաթ» ակումբում կայացած գրքի արդեն անգլերեն և արևմտահայերեն տարբերակների շնորհանդեսի ժամանակ: Նշենք, որ ավելի վաղ «Կանչ ու սև»-ը լույս է տեսել ռուսերենով: Սպասվում են արաբերեն և թուրքերեն տարբերակները: Ղարաբաղյան պատերազմ, բանակցային գործընթաց, փաստավավերագրական տվյալներ, պատմություն, որ ներկայացվում է անհատների ապրած կյանքի ողբերգությամբ, ներկայացրեց հեղինակը: «Իմ գրքի հերոսները սովորական մարդիկ են, որ կռվել են պատերազմում, սովորական մայրեր են, որոնք կորցրել են իրենց որդիներին, երկրների նախագահներ են, ռազմահրամանատարներ»: Հեղինակը նշում է, որ իր նպատակը եղել է ամբողջացնել Արցախի պատմությունը և այս սերունդը, որ չի տեսել պատերազմը կարդալով հասկանա, թե ինչ է եղել իրականում: «Կանաչ ու սև»-ի մասին արձագանքները տարբեր են` քննադատություններ, քաջալերանքի խոսքեր, ասաց հեղինակը` մեջբերելով ամերիկացի մի սենատորի խոսքեր. «Պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է»: Շնորհանդեսի ժամանակ կարծիքները, հեղինակի ցուցաբերած աշխատանքին տված գնահատականները միայն դրական էին: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասաց, որ նման գրքերը կարևոր են պատմության համար: «Եթե պատմաբանները փորձեն այս տարիների պատմությունը վերականգնել` հենվելով միայն այսօր առկա մամուլի վրա, շատ խայտաբղետ բան կարող է ստացվել: Դրա համար նման գրքերը, հարցի իսկական ներկայացումը շատ կարևոր է, պատմության և սերունդների համար»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը: «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այն որպես «տեղեկատվական զինամթերք» որակեց: «Օբյեկտիվ, առարկայական ներկայացումն է ղարաբաղյան իրադարձությունների և հզոր տեղեկատվական զինամթերք է այս ապատեղեկատվական ոլորտի մեջ: Քանի որ թուրք և ադրբեջանական միացյալ քաղաքական գործողությունները կենտրոնացած են այսօր հատկապես ղարաբաղյան հարցն ապակողմնորոշելու առումով` ես գիրքը տեսնում եմ, որպես հզոր միջոց բոլոր ապատեղեկատվություններին հակադարձելու և ղարաբաղյան դեպքերը ճիշտ լուսաբանելու առումով»,- հավելեց Շահան Գանտահարյանը: ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: