Saturday, July 17, 2010

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՃԻՇՏԸ

«Լրագիր» 16-7-2010- Արդեն կարծես թե սովորական է դարձել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հնչող հայտարարությունների հաջորդականությունը. նախ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, թե քննարկվում է ասենք այսքան տարածքի, կամ այս ու այս տարածքների վերադարձի հարցը, կամ քննարկվելու են այդ հարցերն այստեղ-այնտեղ սպասվող հերթական հանդիպումների ընթացքում, իսկ հետո Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե դա սուտ է: Իսկ որն է ճիշտը, ինչն է ճիշտը, ինչ է քննարկվում բանակցային գործընթացում, ինչ ծավալով, ինչ շրջանակում, այդպես էլ մնում է անորոշ: Լավ է, թե վատ այդ անորոշությունը: Դժվար է ասել: Միգուցե լավ է, որովհետեւ եթե հասարակությունները տեղյակ լինեն բանակցային գործընթացի իրական բովանդակությունից, կարող է շատ ավելի դժվար լինեն բանակցային իմիտացիայի շարունակությունն ու խաղաղության ապահովումը: Բայց արդյոք իմիտացիան իրական է: Այսինքն, արդյոք խնդիրն իսկապես իմիտացիան է, թե ոչ մի իմիտացիա էլ չկա, կան կոնկրետ քննարկումներ եւ առարկայական բանակցություններ: Դա էլ անորոշ է: Որեւէ մեկը չի կարող ստույգ ասել` տեղի է ունենում իմիտացիա, թե միջնորդները լրջորեն աշխատում են օր առաջ կամ ժամ առաջ կողմերին որեւէ տաևրբերակի շուրջ համաձայնության բերելու վրա: Բայց, թե մեկ, թե մյուս դեպքում Հայաստանի իշխանության պահվածքը տարօրինակ է: Տարօրինակ է այն առումով, որ Հայաստանի իշխանությունը որդեգրել է Ադրբեջանին հերքողի մարտավարություն: Այսինքն, Ադրբեջանը ինչ որ բան է ասում, այստեղից ասում են սուտ է: Գոնե մի բան էլ Հայաստանը ասեր: Օրինակ, Հայաստանն էլ գոնե մի անգամ հայտարարեր, որ ասենք այսինչ քաղաքում կամ աուլում սպասվող բանակցությանը կողմերը քննարկելու են Ղարաբաղի անկախության ճանաչման ժամկետների հարցը: Ենթադրենք: Կամ նման մի բան: Թող մի անգամ էլ Ադրբեջանը ստիպված լիներ հայտարարելու, թե դա սուտ է: Միգուցե Հայաստանի իշխանությունը չի փորձում բանակցային գործընթացի մասին որեւէ կեղծ տեղեկություն հրապարակել: Բայց Հայաստանի իշխանության հենց այդ անկեղծությունն է, որ տարօրինակ է թվում: Տարօրինակ է թվում թեկուզ այն պարզ պատճառով, որ օրինակ ներքին կյանքի վերաբերյալ հարցերում Հայաստանի իշխանությունն այդքան էլ անկեղծ չէ, անկեղծությունն այդքան էլ բնորոշ չէ ներքին կյանքի գործելաոճին: Ինչու ներքին կյանքում իշխանությունը բավական թեթեւությամբ հրապարակ է նետում մեծ քանակի կեղծ տեղեկատվություն, տարբեր բնագավառներում վարդագույն ներկայի եւ պայծառ ապագայի մասին, իսկ ահա Ղարաբաղի հարցում խուսափում է այդ բանն անելուց: Անշուշտ, կա այն պահը, որ կեղծիքը հուսահատության դրսեւորում է: Այսինքն, միգուցե Ադրբեջանը բանակցային գործընթացում հուսահատությունից է անցել բովանդակային կեղծ տեղեկատվություն հրապարակելուն, ինչպես որ Հայաստանի իշխանությունն էլ ներքին կյանքում է անելանելիությունից դիմում կեղծ տեղեկատվությունների տարածմանը: Բայց առավել եւս հետաքրքիր է, որ եթե բանակցային իրական պատկերը Հայաստանի համար նպաստավոր է, ինչու այդ մասին գոնե ինչ որ չափով չմանրամասնել սեփական հասարակությանը: Թող հասարակությունը լսի ու ոգեւորվի, թե որքան լավ է բանակցում իշխանությունը: Այլապես ստացվում է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում վերածվել է ընդամենը “ստի դետեկտորի”, որը մասնակցում է “հանցագործության բացահայտմանը”, բայց ընդամենը որպես գործիք, ոչ թե գործող: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: