Saturday, July 31, 2010

Կուշտը չի գնա արմատական փոփոխությունների. Ադիբեկյանի «խորհրդարանական» կանխատեսումները

Tert.am. 31-7-2010- Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների լավագույն դեպքում 65 տոկոսը, և պայքարը լինելու է հենց այդ 65 տոկոսի քվեների համար։ Այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների 60 տոկոսը կնվաճեն իշխանամետ ուժերը, 40 տոկոսը՝ ընդդիմությունը։ «ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՕԵԿ–ը կռվելու են 60 տոկոս ձայների համար, դրանք իշխանական են ընկալվում։ 40 տոկոսի համար պայքարելու են ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», որոնք իրենց համարում են փափուկ ընդդիմություն, և ՀԱԿ–ը՝ ՀՀՇ–ի հետ միասին»,– ասաց սոցիոլոգը։ Ըստ Ադիբեկյանի կանխատեսումների՝ ընտրազանգվածի 30 տոկոսն այն մարդիկ են, ովքեր ունեն սեփական կարծիք և ընտրում են իրենց խղճին ու սկզբունքներին համապատասխան, 20 տոկոսը տարբեր շարժառիթներով կարող է պարզապես չգնալ ընտրությունների, իսկ 15 տոկոսը ունի նյութական շահ և ընտրություններին մասնակցում է «իր տուն, ընտանիքին մի բան տանելու նպատակով»։ «Ընդդիմությունը պետք է բավականին լուրջ, քրտնաջան աշխատանք տանի, որ կարողանա տեղ հասցնել իր տեսակետը, իր լուծումները և կարողանա աջակիցներ գտնել։ Բայց քանի որ շահը մնում է շահ, կուշտը երբեք չի գնա արմատական փոփոխությունների, և այդ 30 տոկոսը, որ ընտրում է իր խղճով և սկզբունքներով, դա կուշտ զանգվածն է, որը հարմարվել է իրականությանը, նա բոլոր փոփոխություններին դեմ է, նրան պետք է իշխանությունների շարունակականությունը»,– հայտարարեց Ահարոն Ադիբեկյանը։ Ի պատասխան Tert.am-ի հարցի, թե պայքարի արդյունքում որ ուժերը կհայտնվեն հաջորդ գումարման խորհրդարանում, սոցիոլոգը պատասխանեց, որ ինչպես հուշում է իր փորձը, ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն կհայտնվեն խորհրդարանում։ ՕԵԿ–ը, «Ժառանգությունն» ու մյուս ուժերը, ըստ Ադիբեկյանի, խորհրդարանում հայտնվելու համար պետք է լուրջ աշխատանք տանեն։ Սոցիոլոգին կասկածելի են թվում «Ժառանգության» շանսերը, որովհետև վերջերս այդ կուսակցությունում «այնքան սկանդալներ եղան», ուստի հարկավոր է նրանց վարկանիշն ուսումնասիրելու համար նոր հարցում անցկացնել։

No comments: