Tuesday, August 17, 2010

Արման Մելիքյան. Եթե Մոսկվան չկարողանա այսօր լուծել ԼՂ խնդիրը, ապա 10 տարի հետո այն այլեւս կարող է անլուծելի լինել

Եթե Ռուսաստանը չկարողանա այսօր լուծել ԼՂ խնդիրը, ապա հետագայում այդ խնդիրը կարող է այլեւս անլուծելի լինել: Այս մասին օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արմեն Մելիքյանը: «Ռուսաստանը սահմանափակ ժամանակ ունի, եւ եթե չկարողանա իր այսօրվա տրամաբանությամբ լուծել ԼՂ խնդիրը՝ Ղարաբաղի կողմից տարածքներ հանձնելով վերահաստատվել Արբեջանում, ապա 10 տարի հետո խնդիրը կարող է այլեւս անլուծելի լինել»,-նշեց Մելիքյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան քաջ գիտակցում են Ռուսաստանի թուլացումը Վրաստանի մասով եւ այդ երկու պետությունների դաշինքի սերտացումը լրացուցիչ ճնշում է Ռուսաստանի վրա: «Թուրքերն ու ադրբեջանցիները այս հանգամանքից օգտվելով, փորձում են քաղաքական ճնշումներ գործադրելու միջոցով հնարավորինս շատ կորզել»,-նկատեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: Ըստ նրա՝ այդ համատեքստում պետք է դիտարկել Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպման տապալումը: Բանախոսն անդրադարձավ նաեւ ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, ընդգծելով, որ բանակցությունների ընթացքը լավատեսություն չի ներշնչում: «Այն տրամաբանությունը, որով ընթանում են բանակցությունները, մեզ խոստանում են տարածքային կորուստներ»,-նշեց նա, հավելելով, որ այդ տրամաբանությունը պետք է մերժվի Հայաստանի կողմից, անկախ այն հանգամանքից, թե Ռուսաստանը ցանկանում է վերահաստատվել Ադրբեջանում, թե` ոչ: «Քանի դեռ Վրաստանում ՌԴ-ն չի կարողացել վերահաստատել իր դիրքերը, ցանկացած խնդիր, հայ-ադրբեջանական համատեքստում, չի կարող անվտանգության երաշխիքներ ապահովել»,-ասաց նա: Մելիքյանի կարծիքով՝ Մինսկի ձեւաչափին զուգահեռ պետք է նոր գործընթաց սկսել, որում հաշվի կառնվեն ադրբեջանահայության շահերը: «Ազատագրված տարածքները ադրբեջանահայության սեփականությունն են: Պետք է փաստականի իրավունքով նրանց տրվեն այդ տարածքները: Նրանց պետք է տրվի քաղաքացիություն եւ դրանով հարցը փակվի»,-նկատեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը:

No comments: