Wednesday, August 18, 2010

ԱՐԱԲԵՐԵՆ ՆՈՐ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹՙ ՆԱԽՈՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ

«ԱԶԳ», 18-08-2010- Դիմակայելու նպատակով արաբական աշխարհում թուրքական եւ ադրբեջանական մեծածավալ հակահայկական քարոզչությանը, այս տարվա ապրիլից Կահիրեում սկսել է հրատարակվել ՀԲԸՄ-ի արաբերեն լեզվով «Արեգ» պարբերականը, լրացնելով այն բացը, որը ստեղծվել էր մինչեւ անցյալ տարվա ապրիլը մոտ տասներկու տարի անխափան հրատարակված, Կահիրեի հայ համայնքի ՌԱԿ պաշտոնական օրգանիՙ «Արեւի» արաբերեն հավելվածի դադարեցումով: «Ազգ» -ն իր էջերում բազմիցս էր անդրադարձել արաբերեն լեզվով հրատարակվող «Արեւի» կարեւոր առաքելությանը: Ուրախալի է նշել, որ ՀԲԸՄ-ն ընդհանրապես եւ նրա Եգիպտոսի մասնաճյուղը մասնավորապես, ճիշտ գնահատելով նման հույժ այժմեական ծրագրի իրականացումը, թիկունք է կանգնել դրան: Ուրախալի է նաեւ, որ ինչպես նախորդի, այնպես էլ նոր պարբերականի խմբագիրն է իր գործին նվիրյալՙ արաբական աշխարհում ծանոթ պատմաբան դոկտ. Մոհամես Ռիֆաաթ էլ Իմամը, որն անդրանիկ համարի «Վերադարձ սկզբին» խորագրով հոդվածում գրում է, թե հայերի եւ արաբների միջեւ գոյություն ունեցող պատմական կապերի հենքի վրա եւ այդ կապերը ընդլայնելու ՀԲԸՄ-ի ստանձնած առաքելության որպես արտահայտություն, ներկայի եւ ապագայի որոշակի դրդապատճառներ ուղղակի անհրաժեշտություն են դարձնում արաբերեն նման հրատարակության լույս ընծայումը: Պարբերականի հայկական նյութերի պատասխանատու խորհրդատուն է անխոնջ մտավորական, ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի երկարամյա ատենապետ Պերճ Թերզյանը, ով հուլիսին հրավիրված էր Երեւանՙ մասնակցելու գրողների համահայկական 5-րդ համաժողովին: Խմբագրության քարտուղարն է Ալի Սաբետ Սաբրին: Պարբերականը բաղկացած է 21x29 սմ չափսի 24 էջերից, տպագրությունը իրականացնում է «Դիզայն Արտ» հրատարակչությունը: Արդեն հրատարակվել է հինգ համար: Ըստ ՀԲԸՄ-ի «Տեղեկատու» պաշտոնաթերթի, պարբերաթերթն անվճար առաքվելու է արաբական աշխարհում գործող համալսարաններին, գրադարաններին եւ ճանաչված մտավորականներին, այնպես էլ Կահիրեում եւ Երեւանում գործող արաբական պետությունների դեսպանատներին եւ մշակութային հաստատություններին: Անխափան երկար ու բարի երթ «Արեգ» նոր պարբերականին: ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

No comments: