Wednesday, September 8, 2010

ՕՐԵՆՔ ՈՐ ՈՒՆԵՆԱՆՔ` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՎԹՅՈՒՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ՞

«ԱԶԳ», 08-09-2010- Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի կազմակերպած «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագծի լսումներից ե՛ւ լրագրողները, ե՛ւ բավական լայն շրջանակ ներկայացնող հրավիրյալները սպասում էին գուցե ավելին, քան սովորական քննարկումներն էին` հենց միայն այն պատճառով, որ վերջին ամիսներին բանակում եղան մահվան ելքով ոչ կանոնադրական դեպքերը: Եվ դա էլ բնական էր` հասարակությունը պատասխաններ է ուզում այդ դեպքերի առիթով բարձրացված հարցերին: Սակայն այս օրենքի նախագիծը որոշ իմաստով բանակի ընդհանուր բարեփոխման ուղությամբ միջազգային պարտավորությունների շրջանակում է, նաեւ` Հայաստանի սահմանադրությանը օրենսդրությունն ավելի համապատասխանեցնելու միտում ուներ, ուղղակի համընկել էր հասարակության ընդհանուր տրամադրությանը:
Մինչ այս Հայաստանի զինված ուժերում օրենքով սահմանված չեն եղել զինվորական կարգապահւթյան կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, պատասխանատվության ենթարկելու կարգը. ընդամենը եղել է կառավարության որոշում` 1996 թվականից, ինչես հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն էր ասում` խորհրդային բանակի կանոնագրից արտագրված: Բայց կյանք է փոխվել, երկիր է փոխվել, մինչդեռ մինչեւ հիմա բանակը մասամբ կրում է խորհրդային բարքերի կնիքը, ու բացասական երեւույթները բանակում նաեւ իրավական դաշտի բացակայությունից են գալիս:
Չնայած նա մեր բանակում տիրող բարքերի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելիս նկատեց, թե ամեն ինչ համեմատության մեջ է. իհարկե, մեր բանակը զերծ չէ թերություններից, բայց մեր բանակը, եթե համեմատենք հարեւան երկրի բանակի հետ` բազմիցս ավելի մարտունակ է, բարոյական վիճակն ավելի կայուն է, իսկ ամենակարեւորըՙ այսօրվա քաղաքականությունը բանակի վերաբերյալ տանում է դեպի բարեփոխումներ, իրավական դաշտի ապահովում, ավելի կատարելագործված եւ հզոր բանակի ճանապարհով:
Վերադառնալով օրենքի նախագծին` նրա եւ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի ներկայացմամբ` պաշտպանության նախարարության ներկայացված նոր նախագիծը կարեւորվում է եւ հատկանշական է նրանով, որ զինված ուժերում բոլոր հարաբերությունները բերվում են օրենսդրական տեսքի, սահմանվում են հրամանատարների եւ սպաների, առհասարակ` զինծառայողների պարտականությունները ու լիազորությունները, նրանց փոխհարաբերությունները: Օրենքում նաեւ ամրագրված են զինվորական կարգապահություն հասկացությունն ու դրա ապահովման սկզբունքնեերը:
Ամրագրված են կարգապահական իրավունքի սահմանումը, խրախուսանքի կարգը, տեսակները, ինչպես նաեւ կարգապահական խախտման դեպքում` զինծառայողներին տրվող տույժերի տեսակները, դրանք կիրառելու եւ հանելու կարգը: Օրենքում նկարագրվում են զինծառայողների հրամաններ տալու սահմանափակումները այն դեպքերում, երբ հրամանատարները գերազանցում են իրենց լիազորությունները: Տրված է, թե բողոքի զեկուցագիրը ինչպե՞ս է ներկայացվում, ինչպե՞ս վիճարկել հրամանատարի հրամանները, պատիժները եւ այլն: Չնայած նախագիծը մի անգամ լրամշակվել է, բայց էլի դրա կարիքը կար` այնուամենայնիվ հստակ սահմանված չէին հրամանատարական բարձրագույն կազմի լիազորությունների, պարտականությունների եւ իրավասությունների շատ պահեր, օրինակՙ բողոքարկման կարգը: Բողոքարկման ձեւը դատարան դիմելն է, բայց չէր նշված` հրամանատարը կազատի՞ զինծառայողին դատարան հայց ներկայացնելու համար, թե՞ ոչ, արձակուրդ կտա՞, այս ամենը պետք է դեռ հստակ սահմանել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ՀԿ սեկտորը ներկայացնող Արման Սիմոնյանը իրենց հարց-մտահոգություններով խոսեցին զինվորական օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտության, կարգապահական մեկուսարանների վերացման պարագայում (որը ողջունելի էր համարվում)` հետագա ընթացակարգի հստակ ձեւակերպման բացակայության, ձերբակալված զինծառայողների պահման վայրի հստակ մատնանշման բացակայության վրա:
Ի դեպ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը դիմել են ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովին, որ օրենքի քննարկման որեւէ փուլում նախագիծն ուղղարկվի փորձաքննության Վենետիկի հանձնաժողոով: Այդ խնդիրը կվճռվի սեպտեմբերի 9-ի հանձնաժողովի նիստում:
Լրագրողները քննարկմանը ներկա ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանից հետաքրքրվեցին` «Օրենքի ընդունումով իրավիճակը կշտկվի՞»: Ըստ Նիկոյանի` ձեռքբերում է, որ խնդիրը բերվում է օրենսդրական դաշտ, օրենքով սահմանվում են զինված ուժերում բոլոր փոխհարաբերությունները, բայց պատկերացնել, որ այս մի օրենքով հարյուր տոկոսով հարցերը կլուծվեն` սխալ է, որովհետեւ սրան զուգահեռ բազմաթիվ կրթադաստիարակչական միջոցառումներ են պետք` հոգեբանական բարոյական վիճակի բարելավման ուղղությամբ, համալիր բարեփոխումներ: Իսկ այս նախաձեռնությունը քայլերից մեկն է, որ կուռ բանակ ունենանք: Իսկ մահվան ելքով ոչ կանոնադրական միջադեպերի վերաբերյալ էլ ասաց, թե չէր ուզենա սխալվել գնահատականներում, տեղեկություններ եղել են, ըստ որոնց հոգեկան ոչ հավասարակշիռ մարդուն զորակոչել են բանակ. գնում է նախքննություն, ճիշտ պատասխանը դատական մարմինները կարող են տալ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

No comments: