Tuesday, September 7, 2010

Ալիևը Փաշազադեի իֆթարն ուտելուց հետո հիշել է Ղարաբաղի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին տրվել է իր հին երազանքներին եւ ուզում է Ադրբեջանի դրոշը ծածանել Լեռնային Ղարաբաղի վրա: Ընդ որում, նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների նախօրեին, Ադրբեջանի ավտորիտար ղեկավարի նոպաներն ավելի հաճախակի են դառնում:
Ռամադան սուրբ ամսվա Իֆթարի ժամանակ, որ կազմակերպել էր ալիեւյան կլանի լավագույն բարեկամ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, Իլհամ Ալիեւի աչքին կրկին Լեռնային Ղարաբաղում ծածանվող դրոշ է երեւացել:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե խնդիրն արդարացի լուծում է ստանալու՝ միջազգային իրավունքի նորմերի եւ հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում: Ընդ որում, ըստ Ալիեւի, այդ արդարացի որոշման անբաժանելի մասը Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական դրոշի ծածանումն է:
Բայց այդ հարցում Ադրբեջանի իշխանությունների գործերը շատ վատ են, ինչի մասին իշխանությունները համեստորեն լռում են, բայց փաստերը խոսում են նրանց փոխարեն: Լայնորեն գովազդված եւ վճարված ակցիան՝ Ադրբեջանում աշխարհի ամենաբարձր դրոշի բարձրացումը, աղմուկով ձախողվեց: Թեեւ Բաքվի բնակիչները հրաշալի հնարավորություն ունեն դիտելու, թե ինչպես է Ադրբեջանի մայրաքաղաքը զրկվել պետական դրոշից, Aztv հեռուստաալիքը պաթոլոգիկ ապուշությամբ շարունակում է լուսաբանել, թե ինչպես են «աշխարհի ադրբեջանցիներն ուրախությամբ ընդունել Պետական դրոշի բարձրացման փաստը»:
Հիշեցնենք, որ քամիները քրքրեցին Ադրբեջանի հզորության եւ միասնության խորհրդանիշ դրոշը: Այնպես որ Ալիեւը լավ կանի մտածի, թե ինչպես դուրս գա այդ տհաճ իրավիճակից, քան կրկին ու կրկին ընկնի երազանքների գիրկը: Իսկ թե ինչ դրոշ պիտի ծածանվի Ստեփանակերտում, ղարաբաղցիները վաղուց եւ հիմնավոր որոշել են:

No comments: