Tuesday, September 7, 2010

Պիտեր Սեմնեբին ԼՂ հարցում դե՞մ է գնացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին

News.am. 7-9-2010- Այցով Բաքվում գտնվող ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հանդիպում է ունեցել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ, եւ հայտարարել, թե իր նպատակն է ուսումնասիրել համայնքի կարծիքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին:
Եվրոպացի պաշտոնյան շեշտը դրել է ադրբեջանցի բռնի տեղահանվածների վերադարձի վրա՝ նկատելով, որ այդ հումանիտար խնդիրը լուրջ խոչընդոտ է Հարավային Կովկասի տարածաշրջանի զագրացման համար: Բաքվից, Կիրովաբադից եւ Սումգայիթից հարյուր հազարավոր հայ փախստականների ճակատագրի մասին նա հարկ չի համարել խոսել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Սեմնեբիի խոսքով, համաձայնագրի ստորագրման ժամանակ պետք է հաշվի առնվեն երկու հարցեր. «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու բռնի տեղահանվածների վերադարձը հարազատ վայրեր»:
Այդկերպ, բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան, փաստացի, դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մոտեցումներին, որոնք ընդգծել էին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են երեք կարեւոր սկզբունքներ՝ պետության տարածքային ամբողջականության պահպանումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Սեմնեբին, եթե նրա խոսքերը չեն աղավաղում ադրբեջանցի լրագրողները, ի հեճուկս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ընդգծել է միայն մեկ սկզբունքը:

No comments: