Tuesday, September 7, 2010

Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը. ՀՀԿ-ական պատգամավորի վերլուծությունը

News.am. 7-9-2010- Հայաստանում չեք գտնի մի պատգամավոր, որը չցանկանա ԼՂ անկախության ճանաչումը: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե, արդյոք, Հայաստանը պե՞տք է ներկայումս ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին: «Իհարկե կարող է գալ մի օր, որ Հայաստանը, այդ թվում եւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, ճանաչեն ԼՂ անկախությունը: Ուղղակի պիտի ժամանակը ճիշտ լինի, որպեսզի ոչ թե խանգարենք, այլ նպաստենք ԼՂ խնդրի ճանաչման քաղաքական պրոցեսին»,-ասաց նա: Ըստ Մկրտչյանի՝ ԼՂ անկախության ճանաչման պահը դեռեւս չի հասունացել: «Եթե հիմա տեղի ունենա ճանաչման գործընթացը, դա կվնասի ԼՂ խնդրի լուծմանը: Եթե նախկինում տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին գրվում էր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մենք ուրախանում էինք: Իսկ հիմա, երբեմն փաստաթղթեր կան, որոնց մեջ միայն այդ սկզբունքն է նշվում: Սա առաջընթաց է եւ պրոցեսը ամբողջ ընթացքով ի նպաստ մեզ է ընթանում»-նշեց պատգամավորը:
Նա նաեւ անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի կողմից ներկայացված «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւին, որն, ըստ Մկրտչյանի, որեւէ կերպ չի կարողանալու ազդել ԼՂ բանակցությունների վրա: «Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց շատ վտանգավոր է, որ այսօրվա իրողության մեջ փորձում է դավանանքի երանգ տալ դրան»,- հայտարարեց Մինասյանը՝ նշելով, որ քննարկումներին կողմ կքվեարկեն Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները: Մկրտչյանը նշեց նաեւ, որ եթե անգամ բանաձեւը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դա որեւէ անհանգստանալու առիթ չի տալիս: «Մի մոռացեք, որ անվտանգության խորհրդի անդամ երկրները զբաղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով եւ այն կարծիքին են, որ ներկայիս ձեւաչափը փոխելու կարիք չկա»,- ասաց նա:
Պատգամավորը չբացառեց, որ ապագայում Հայաստանն էլ նման նախաձեռնություններով հանդես գա՝ հրապարակավ արտահայտելով իր կարծիքն ու դժգոհությունն Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող բանաձեւերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում:

No comments: