Sunday, September 26, 2010

Ադրբեջանական լրատվամիջոցները մոնտաժում ու սրբագրում են Օբամա-Ալիեւ հանդիպման մանրամասները

News.am. 25-9-2010- Ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են հասարակությունից թաքցնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում տեղի ունեցած հանդիպման բովանդակությունը: Մասնավորապես, այցը «փայլեցնելու» համար ներկայացվում են հանդիպման այն հատվածները, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հարցը:
Ադրբեջանական լրատվամիջոցները եւ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հանդիպման մասին տարածել են արմատապես տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ: Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Օբաման ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ «ընդգծել է շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտությունն, ինչպես նաեւ նշել Հելսինկյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու մասին»:
Մինչդեռ, Ադրբեջանի պետական հեռագրական գործակալությունը՝ «ԱզերԹԱՋ»-ը, որի տարածած հաղորդագրությունը վկայակոչել են Ադրբեջանի գրեթե բոլոր հեռուստառադիոկայանները, բավարարվել է ընդամենը ընթացիկ մի նախադասությամբ, որում չի նշվում Օբամայի կոնկրետ դիրքորոշումը խնդրի կապակցությամբ, այդ թվում շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ նրա տեսակետը: «Խոսելով հայ-ադրբեջանական, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին, երկու երկրների ղեկավարները ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից»:
Այնուհետ, Ադրբեջանի գլխավոր տեղեկատվական գործակալությունը մեջբերել է ընդամենը Ալիեւի հայտնած դիրքորոշումը, որում վերջինս հերթական անգամ հիշատակել է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, մոռանալով նշել այդ սկզբունքին համահավասար մյուս սկզբունքների մասին, որոնք ամրագրված են Հելսինկյան ակտում՝ ուժի չկիրառում եւ եւ ազգերի ինքնորոշում:
Նույն մոտեցումն է ցուցաբերվել նաեւ երկրում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հատվածը ներկայացնելիս: Բաքվում որոշել են սահմանափակվել՝ ընդամենը նշելով, որ երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել երկրում ժողովրդավարության մակարդակի բարձրացման մասին: Այն դեպքում, երբ Օբաման բառացիորեն պահանջել է ազատ արձակել ձերբակալված երկու բլոգերներին։

No comments: