Tuesday, September 7, 2010

Հայաստանը եղել է աշխարհում հնագույն աստղագիտական կենտրոն. գիտնական

Panorama.am.7-9-2010- Հայաստանը եղել է աշխարհում հնագույն աստղագիտական կենտրոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, Օքսֆորդի համալսարանի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտնական, խորհրդական Վաչագան Վահրադյանը:
Նման եզրակացության գալու համար նրան հիմք է ծառայել Սյունիքի մարզում գտնվող ավելի քան 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը: Նա ասաց, որ գիտնականների վերջին բացահայտումները թույլ են տալիս պնդել, որ հայկական Քարահունջը ավելի հին է, քան անգլիական Սթոնհենջը, որը մոտ 3000 տարվա պատմություն ունի:

Քարահունջն իրենից ներկայացնում է ուղղահայաց կանգնած հսկայական եռանկյունաձև քարեր: Մասնագետն ասաց, որ երկու հուշարձաններն էլ կառուցվածքային նմանություններ ունեն. երկուսն էլ դեպի հյուսիս-արևելք ուղղված անցքեր ունեն, որոնք հնարավորություն են տվել պարզել ամառային արևադարձի օրը: Այդ օրը համարվում էր տարվա սկզբը:
«Սա վկայում է այն մասին, որ կառուցողներն ունեցել են միևնույն մշակութային արժեքներն ու աստղագիտական գիտելիքները: Սա լուրջ և կարևոր նշանակություն ունի»,- ասաց Վ.Վահրադյանը: Քարահունջն ու Սթոնհենջը երկուսն էլ գործածական առումով նույնն են` աստղադիտարաններ են: Ինչ վերաբերում է անվանումների նմանությանը, անգլերեն «սթոուն» և հայերեն «քար» բառերի նույնությունը, կասկած չի հարուցում:

Մասնագետն ասաց, որ շատերն են Քարահունջն անվանում «Զորաց քար», բայց դա սխալ է: Նրա խոսքով, «Զորաց քարը» պետք է դուրս գա շրջանառությունից, քանի որ դա թուրքերն «ղոշուն դաշ» բառի սխալ թարմանությունն է: Այս բառերը թարգմանվում են «շարք», «քար»: Նշենք, որ ակադեմիկոս Պարիս Հերունին անցյալ դարի 90-ական թվականններից շրջանառության մեջ է դրել Քարահունջ անվանումը:

Քարահունջում հետազոտությունները մեկնարկել են 2006թ. և ուսումնասիրությունների նյութերը ուղարկվել են Օքսֆորդ: Այն մեծ հետաքրքրություն է առաջացևել բրիտանացի գիտնականների մոտ: Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ` հայ գիտնականների հետ մոտ երկու շաբաթ ուսումնասիրելու Քարահունջն ու շրջակա բնակավայրերը:

No comments: