
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Ամերիկայի միացյալ նահանգների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել գլխավոր դատախազին համագործակցության պատրաստակամության համար եւ տեղեկություններ տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ ազգությամբ հայեր: ՀԴԲ-ի ներկայացուցիչը մասնավորապես տեղեկացրել է, որ 73 անձի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, բանկային եւ բժշկական ապահովագրության զեղծարարությունների համար: 32 հոգի հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են: Նախաքննության տվյալներով հանցավոր խմբի անդամները ձեւավորել են 118 կեղծ բժշկական կլինիկաներ, իսկ խարդախությամբ հափշտակված գումարը նախնական կազմում է մոտ 162 մլն ԱՄՆ դոլար:
Գլխավոր դատախազի հարցմանն ի պատասխան Ք.Դոնովանը խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված եւ քանի Հայաստանի քաղաքացի: Բարձր գնահատելով հանցագործության լիարժեք բացահայտման գործում Հայաստանի իրավապահ մարմինների ցուցաբերած պատրաստակամությունը՝ Ք.Դոնովանը նշել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ -ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:
Կարեւորելով քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն ու հանցավոր խմբի բոլոր անդամների հայտնաբերումը՝ ՀՀ գլխավոր դատախազը եւս մեկ անգամ հավաստել է դատախազությունը պատրաստակամությունը իր լիազորությունների շրջանակներում աջակցել գործի քննությանը եւ իրավական փոխօգնության վերաբերյալ հարցման դեպքում ապահովել դրա հնարավորինս օպերատիվ իրականացումը:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեղեկատվության փոխանակման համար՝ ելնելով քրեական գործի շահերից:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ամերիկյան իրավապահները ձերբակալել էին հայկական հանցավոր խմբավորման մի քանի տասնյակ ներկայացուցիչների, ովքեր բժշկական ապահովագրության «Medicare» համակարգից մոտ 163 մլն դոլար էին յուրացրել՝ տարբեր մեքենայությունների միջոցով: Հանցախմբի ղեկավարը «Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանն է, ում ձերբակալել էին Լոս-Անջելեսում: Ձերբակալված 73 անձանցից մոտ 40-ը հայեր էին, այդ թվում խմբի պարագլուխներ համարվող Ռոբերտ Թերջանյանը, Դավիթ Միրզոյանը եւ այլք:
Մանհեթենի դատախազ Փրիթ Բհարարան հանցավոր խմբավորումը համեմատել է դասական Cosa Nostra-ի հետ՝ հավելելով, որ ապօրինի եկամուտների ծավալով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ հավակնությունների մակարդակով իտալական դասական մաֆիան կարող է նախանձել հայկական խմբավորմանը:
No comments:
Post a Comment