Friday, October 15, 2010

ՓՈԽԶԻՋՄԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԸՆԴԳԾԵԼՈՒ Է ԼՂՀ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

«ԱԶԳ, 15-10-2010 - ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փաստում է, որ 1994-ի մայիսի 12-ին կնքված զինադադարից հետո էլ պատերազմը շարունակվում է: Այն նոր որակ է ստացել, տնտեսական, քաղաքական եւ տեղեկատվական ուղղություններով է ընթանում, սակայն ցանկությունը մեկն է` արգելափակել ԼՂՀ արդեն կայացած եւ ժողովրդավար պետության վերաբերյալ ամեն մի տեղեկատվության տարածում:
«Արցախի անվտանգության եւ իշխանության փաստը Ադրբեջանի համար ամենասարսափելի իրականությունն է: Զինադադարից հետո հաջողվել է կառուցել ժողովրդավար պետություն, որն ի վիճակի է լուծել տնտեսական եւ սոցիալական ամենաբարդ խնդիրները: Այս փաստն Ադրբեջանին նյարդայնացնում է: Ի տարբերություն մեր հարեւանի, արհեստական եւ մտացածին հոդվածների կարիք չունենք: Իրական կյանքի ճշմարիտ արտացոլումը կարող է չեզոքացնել մեր հակառակորդների քարոզչական հնարքների բացասական հետեւանքները», ասաց նա ԼՂՀ Աժ-ում կայացած հանդիպման ժամանակ:
Ղուլյանը փաստում է, որ հայաստանյան կամ սփյուռքահայ լրատվամիջոցների համեմատությամբ արցախյան մամուլը դեռեւս չի կայացել ու այդ մակարդակը չի ապահովում:
«Համամիտ եմ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի դիտարկմանը, որ արցախյան մամուլի ձայնը չի լսվում: Տեղեկատվական դաշտն անընդհատ զարգացող ոլորտ է, եւ դրա համար անհրաժեշտ են ֆինանսներ: Այսօր ԼՂՀ-ն իր հնարավորությունները ներդնում է պատերազմի հետեւանքների վերացման ուղղությամբ», ասաց նա` հավելելով, որ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը չափազանց կարեւոր է եւ տեղեկատվական դաշտում պետք է ճիշտ եւ ընդգրկուն ներկայացվի: Դրան կարող է նպաստել Արցախի անկախության 20-ամյակի փաստը, որը լավագույն առիթն է ԼՂՀ-ն ներկայացնելու որպես կայացած պետություն:
«ԼՂՀ միջազգային ճանաչումից բացի այլ ճանապարհ գոյություն չունի, որը տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ անվտանգություն կհաստատի: ԼՂՀ ժողովուրդը վաստակել է այդ իրավունքը եւ այն որեւէ մեկին զիջելու ցանկություն չունի:
Բացատրություն չենք ստացել այն պարզ հարցին, թե ինչու ԼՂՀ-ն պետք է բացառություն կազմի ներկայիս նորանկախ պետությունների շարքում միջազգային ճանաչում ստանալու իր նպատակի մեջ: Եվ մինչեւ այդ հարցը չստանա տրամաբանական լուծում` տարածաշրջանը շարունակելու է մնալ անցանկալի վտանգների եւ սպառնալիքների կենտրոն»:
Անդրադառնալով Կոսովոյի ճանաչմանըՙ Ղուլյանը շեշտեց, որ Ղարաբաղի անկախություն եւ ճանաչում ստանալու հիմքերը շատ ավելի մեծ են: Սակայն վերջին 20 տարվա ընթացքում հակամարտության արդյունքում նոր պետությունների ճանաչումը տեղի է ունեցել ոչ թե միջազգային իրավունքի դասական օրենքներին համապատասխան, այլ քաղաքական նկատառումների տեսանկյունից:
«ԼՂՀ ինքնորոշման իրավունքը որեւէ կապ չունի Ադրբեջանի հետ: Այսօր միջազգային հանրությունը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան քննարկում չի իրականացնում: Բացի այդՙ չունենք ընդդիմախոս, որի հետ հնարավոր լինի խոսել միջազգային իրավունքի լեզվով», ասաց ԼՂՀ ԱԺ նախագահը:
ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը, ստեղծագործական միություններն ու հասարակական կազմակերպությունները միջազգային կառույցներին նամակ են ուղարկել` արտահայտելով իրենց անհանգստությունն ու մտահոգությունները վերջերս ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂՀ-ում անցկացրած դաշտային առաքելության կապակցությամբ:
«Գնահատականը բացասական է, որովհետեւ առաքելությունն անցկացվել է միակողմանի: Սակայն, եթե հայտարարում ենք, որ Ղարաբաղը բաց է, գաղտնիքներ չունի եւ պատրաստ է երկխոսության, ապա միջազգային կառույցների նմանատիպ առաքելությունները մերժելու համար պետք է ունենանք համապատասխան հիմնավորում: Այս առաքելությունն իրականացվել է համանախագահների կողմից հակամարտության խնդրի վերաբերյալ տարածքների ուսումնասիրման շրջանակներում: ԼՂՀ ժողովուրդը պահանջում էր առաքելություն անցկացնել հակամարտության ողջ տարածքում: Եվ Ղարաբաղ այցելության ժամանակ նրանք տեսան հասարակության դժգոհությունն ու հավասարաչափության սկզբունքի պահպանման ցանկությունն ու անհրաժեշտությունը: Եվ վերջերս հայտարարվեց, որ նմանատիպ առաքելություն անցկացվելու է հակամարտության ողջ տարածքում»:
Թե ինչո՞ւ ԼՂՀ-ն մաս չի կազմում ՀՀ-ին հարցին ի պատասխան Աշոտ Ղուլյանը ներկայացրեց պատմական փաստեր, որոնց արդյունքում Ղարաբաղը ստացել է անկախություն: Միաժամանակ նա նշեց, որ ԼՂՀ-ում չկա որեւէ մեկը, որ դեմ արտահայտվի Հայաստանի հետ միացմանը:
«Սակայն մի պահ խորհենք: Երկու հայկական պետություններ ունենալով մենք շահո՞ւմ ենք, թե՞ պարտվում, ապագայում ունենալով երկու ձայն միջազգային կազմակերպություններում մի՞թե չենք շահում: Եթե վաղը երրորդ հայկական հանրապետություն լինի` միայն կողջունեմ»:
Փոխզիջման մասին խոսակցություններին Ղուլյանը պատասխանեց, որ չի կարելի խոսել որեւէ կարգի զիջման մասին, երբ Ադրբեջանը որեւէ հայտարարություն, որեւէ դիրքորոշում չի արտահայտել, փոխզիջումների սահմանի գծումն էլ վերապահված է միայն ԼՂՀ ժողովրդին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: