Thursday, October 14, 2010

Ադրբեջանի բյուջեի ռազմական ծախսերն ավելի շատ են, քան մեր բյուջեի եկամուտները. ՀԱԿ ներկայացուցիչ

Ադրբեջանի 2011թ. բյուջեում ռազմական ծախսերն ավելի շատ են, քան մեր երկրի բյուջեի եկամուտները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀԱԿ տնտեսական հարցերի հանձնախմբի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։
Հարցին, թե ինչպե՞ս պետք է այդ դեպքում վարվի Հայաստանը, Խաչատրյանը պատասխանեց. «Տնտեսական առումով Ադրբեջանի հետ մրցակցելն արդեն անիմաստ է, բայց մենք երկրորդ պրոբլեմն ենք ունենում՝ դեմոգրաֆիկ խնդիրը։ Շատ լուրջ պրոբլեմ է դառնում, եթե մենք Ադրբեջանի հետ համեմատության մեջ ենք մտնում։ Մրցակցության առումով մի օր կգա, երբ մենք իսկապես չենք կարող ոչինչ անել»։
Ըստ Խաչատրյանի, ռազմական բյուջեի ավելացումն Ադրբեջանին հնարավորություն կտա ռազմական գործողություններ սկսելու հայտարարություններն իրականություն դարձնել։ Միաժամանակ, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, թե ինչու Ադրբեջանը պատերազմ չի սկսում։
«Ճիշտ է, միջազգային երկրների, կազմակերպությունների ազդեցությունը կա, բայց մի խնդիր կա, որ իրենց մոտ էլ գոյություն ունի՝ բարոյահոգեբանական մթնոլորտն իրենց բանակում բարձր մակարդակի վրա չէ։ Այն պրոբլեմները, ինչ մեր բանակում կա, մի քիչ ավելի մեծ չափերով այնտեղ է, կրկնվում է»,– հայտարարեց Վահագն Խաչատրյանը։
ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, ստեղծված իրավիճակում Հայաստանը միայն մեկ ելք ունի՝ փոխել քաղաքական համակարգը, գնալ ժողովրդավարական ճանապարհով, ինչպես նաև կարգավորել խնդիրները հարևանների հետ։

No comments: