Thursday, October 14, 2010

Ադրբեջանահայության պատրաստվում է համագումար անցկացնել

Tert.am. 14-10-2010- «Մենք դասեր ենք քաղել 1915–ից, և այս անգամ երկրորդ Ցեղասպանությունը կազմակերպողի, այսինքն՝ Ադրբեջանի համար անհետևանք չի մնա։ Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է, և Ադրբեջանը պետք է խստորեն պատժվի», – այսօրվա ասուլիսին ասաց Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Ռոման Գուլբանդյանը։
Նա տեղեկացրեց, որ կազմկոմիտեի անդամները մտադիր են հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի 1988–1992թթ տեղի ունեցածը և հետագայում՝ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հանգամանքները;
«Մենք պահանջելու ենք պատժել թե՛ Ադրբեջանի իշխանություններին, թե՛ միջազգային կազմակերպությունների այն անդամներին, որոնք մասնակցել են այդ ցեղասպանության իրականացմանը», – ասաց նա։
Գուլբանդյանը հավելեց, որ բացի հանձնաժողովի ստեղծումից նրանք պատրաստվում են անցկացնել ամբողջ ադրբեջանահայության համագումար։ Համագումարի անցկացման ժամկետները կհրապարակվեն ավելի ուշ։
«Այս համագումարի հարցերից մեկը կլինի ադրբեջանահայության իրավաքաղաքական միավորման ստեղծումը։ Միավորումը կհամագործակցի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի իշխանությունների հետ», – ասաց նա՝ հույս հայտնելով, որ այդ աշխատանքներին կներգրավվի ամբողջ հայությունը։

No comments: