Wednesday, October 20, 2010

«ԱԹՈՌԱԿԻՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ԴԱՐՁԵԼ Է ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»

«ԱԶԳ», 20-10-2010 - Նոյեմբերի 8-10 Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունում (միաբանության կազմում կա 38 հոգեւորական) տեղի կունենա միաբանների ընդհանուր ժողով, որի նպատակն է քննարկել պատրիարքարանի օրակարագում ծառացած մի շարք խնդիրներ: «Նոր Երուսաղեմ» պարբերականի խմբագիր Նահապետ Մելքոնյանի (ԱՄՆ) փոխանցմամբՙ այսօր պատրիարքարանը անդամալույծ վիճակում է գտնվում, տնտեսական ծանր վիճակին զուգահեռ բացակայում է նաեւ հոգեւոր կյանքը: «Վարդապետեր կան, որ ամիսներով պատարագ չեն մատուցում»:
Երկու տարի առաջ վանքի հաշվապահական գրասենյակից գողություն է կատարվել, սակայն մինչ այսօր գողերին չեն հատնաբերել: Մելքոնյանը համոզված է. նրանք վանքի ներքին գողերն են: Մեծագույն խնդիր է նաեւ կառավարումը: «Պատրիարքարանը կալվածքներից տարեկան ստանում է 3.5 միլիոն դոլար, մինչդեռ ճիշտ կառավարման արդյունքում եկամուտը կկրկնապատկվեր», ասում է նա:
Պատրիարքարանի խնդիրների հիմքը Մելքոնյանը համարում է պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գործունեությունը: Պատրիարքն արդեն 92 տարեկան է եւ դժվարությամբ է կառավարում: Պատրիարքարանի փոխանորդ միաբանության լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նշանակումն էլ իրավիճակը չմեղմացրեց, որովհետեւ առկա էր իրավասությունների սահմանափակում, անհասկացողություն եւ միաբանական ներքին հարցեր:
Պատրիարքարանի վերջնական փլուզումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հանրության միջամտությունը:
«Վարդապետներն էլ համաձայն են, որ հարցը միայնակ չեն կարող լուծել եւ աշխարհիկ կյանքի, հասարակության օգնության կարիքն են զգում»:
«Նոր Երուսաղեմ» պարբերականի խմբագիրը պատմում է, որ պատրիարքարանի շուրջը ստեղծված խնդիրներին տեղյակ է նաեւ Վեհափառը: «Սակայն մտահոգությունն առանց նախաձեռնության ոչինչ չարժե»:
Մելքոնյանի փոխանցմամբՙ պետք է հասկանանք, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել 50 տարի անց Երուսաղեմի հայկական համայնքը, եւ եթե ցանկանում ենք, որ շարունակի գոյատեւել, ապա աթոռակից պատրիարքի ընտրության անցկացումն անհրաժեշտություն է: Եթե նման ընտրություն անցկացվի` երկու թեկնածուի անուն արդեն հայտնի է` Խաժակ արք. Պարսամյան եւ լուսարարապետ Նորհան արք. Մանուկյան: Մելքոնյանը նշում է, որ իրավիճակը Երուսաղեմում լուրջ է: Օրակարգային է նաեւ Հայոց լեզվի պահպանման հարցը: «Արաբախոսությունը շատ է զարգացել: Հատկապես երիտասարդությունը նախըտրում է արաբերենը», ասաց:
Երուսաղեմում հայ համայնքի խնդիրները լուծելու առումով ամենաճիշտ տարբերակներից մեկը այնտեղ դեսպանատան բացումն է:
Մելքոնյանը նշում է, որ վերջերս հանդիպել է ԱԳՆ համապատասխան վարչության ղեկավարի հետ, որը փաստել է, թե Երուսաղեմում դեսպանություն բացելու հարցը օրակարգային է, սակայն կան խնդիրներ, որոնց պատճառով այն ձգձգվում է:

No comments: