Thursday, November 4, 2010

Կոնգրեսի նորընտիր կազմը շատ ավելի հայամետ է. Ռիչարդ Կիրակոսյան

Tert.am. 4-11-2010- Միացյալ Նահանգներում կայացած Կոնգրեսի միջանկյալ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հանրապետականների հաղթանակը Օբամայի թուլության նշան էր, բայց Օբաման այնքան թույլ չէ, որքան կարծում են: Այսօրվա քննարկման ժամանակ ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ իր զեկույցը ներկայացնելիս այս մասին ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ նշելով, որ Օբամայի համար իսկական փորձաքարն այս ընտրությունները չեն. իրական փորձությունը կլինեն 2012թ ընտրությունները:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները Հայաստանի համար նշանակալի էին նրանով, որ հայամետ թեկնածուների մեծ մասը վերընտրվեց:
«Հետաքրքիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը հիմա ավելի ուժեղ են: Ցեղասպանության բանաձևերի քննարկման համար կա երկու պատճառ՝ հանրապետականները հիմա ուզում են օգտագործել այս բանաձևը՝ Թուրքիային պատժելու համար: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ մեծ թվով թուրքամետ նախկին հանրապետականներն ուզում են Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունվի Իսրայելի պատճառով: Ցեղասպանության հարցը հիմա ուժեղ հարց է, բայց առավելաբար թուրք-ամերիկյան և ամերիկաիսրայելական հարաբերությունների պատճառով»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
ՌԱՀՀԿ ղեկավարը նշեց, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը կարող է քննարկվել նոյեմբերին՝ դեռ հին Կոնգրեսի կազմում, կամ՝ հունվարին, երբ Կոնգրեսում արդեն կաշխատի նորընտիր կազմը: Այս դեպքում ևս, ըստ Կիրակոսյանի, որևէ խնդիր չկա, որովհետև Կոնգրեսի նորընտիր կազմը շատ ավելի հայամետ է:

No comments: