Նոյեմբերի 16-ին Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշման նախարարությունը «Գրքի շաբաթվա» առիթով «Գրքի դերը ազգերի մերձեցման գործում» թեմայով կազմակերպել էր կլոր սեղան, որին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել գրահրատարակիչներին, մշակութային գործիչներին, ինչպես նաեւ Թեհրանում հավատարմագրված դեսպանություններին եւ դիվանագիտական ներկայացուցչություններին կից գործող մշակութային կենտրոնների ղեկավարներին:Կլոր սեղանին ելույթով հանդես եկավ նաեւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով անդրադարձավ Հայաստանում եւ հայկական գաղթօջախներում գրքի դերին ու նշանակությանը:
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին «Գրքի մայրաքաղաք» հռչակելու մասին որոշմանը` ՀՀ դեսպանը խոսեց նաեւ 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում հրատարակված հայկական առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրի» մասին` նշելով, որ հայկական առաջին գրքի հրատարակման 500 ամյակը մեծ շուքով նշվելու է ոչ միայն Հայաստանում, այլեւ` հայկական գաղթօջախներում: Դեսպանը նաեւ հավելեց, որ Մերձավոր Արեւելքում առաջին տպագիր գիրքը շուրջ 400 տարի առաջ լույս է տեսել Սպահանի Նոր Ջուղայում, ինչը մեծ պատիվ է իրանահայության համար:
Դեսպան Առաքելյանն իրանական կողմին առաջարկեց երկու հարեւան ժողովուրդների հոգեւոր արժեքներին հաղորդակից դառնալու նպատակով մինչեւ 2012 թվականը նախապատրաստել համատեղ մշակութային ծրագրեր եւ փորձել երկու երկրների մայրաքաղաքներում անցկացնել գրքին նվիրված միջոցառումներ:
No comments:
Post a Comment