Tuesday, November 9, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԾԱՂՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ` ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ «ՀԵՐՈՍԱՑՄԱՄԲ»

Ալիեւ կրտսերը «թաղում է հակամարտությունը փոխզիջման ճանապարհով կարգավորելու հնարավորությունը»
«ԱԶԳ», 09-11-2010 - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները ավելի հաճախ փուչ ու անիմաստ են թվում, քան կարող են որեւէ բովանդակության շուրջը ընթացող գործընթաց ներկայացնել: Եվ հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ շփման գծում չեն դադարում սադրանքները, ու դիպուկահարները դեռեւս «հսկում են» այդ գիծը: Նաեւ այնպիսի իրավիճակներում, երբ հարեւան Ադրբեջանում ոչ թե ողջամտությամբ են առաջնորդվում, այլ գազանությունը վեր դասող մարդկանց հարթակի մղումներով:
Գերիների ու դիակների փոխանակումն անգամ Ադրբեջանի պարագայում վերածվում է տգեղ, զազրելի մի իրավիճակի, երբ սադրանք իրականացրած եւ սպանություններ իրագործած զինվորի հուղարկավորությունը ներկայացվում է որպես համազգային ողբ ու հերոսի մեծարանքով «պատվում»:
Աստրախանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվեց հռչակագրի ստորագրմամբ, որի համաձայն էլ սկսվել է փոխանակումների գործընթացը: Դեռեւս Աստրախանում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը ներկայացրեց, որ հռչակագիրը ենթադրում է ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ:
«Վերահաստատելով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները` նախագահները ընդգծեցին, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորումը պահանջում է հետագա ջանքեր հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրապնդման միջոցների ամրապնդման ուղղությամբ», ասված էր համատեղ հայտարարությունում: Ըստ այդմ, այդ նպատակով «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»:
Նման շատ այլ հանդիպումների մասին հաղորդագրությունները լավատեսության ոչ մի հիմք չեն տալիս, հատկապես, երբ այդ հանդիպումներին նախորդում կամ հաջորդում են միջադեպեր, իրադարձություններ` հանցագործների հերոսացմամբ, կամ ուղղակի իրավիճակներ, որոնցում մարդկային կյանքը թեեւ խոսքուզրույցում բարձր է գնահատվում, սակայն իրականում ստացվում է, որ գրոշի արժեք չունի:
Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնեց ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի մարմինները: Իբրահիմովը եւ Ահմեդովը սպանվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումների ժամանակ, առաջինը` հունիսի 18-ին, երկրորդը` սեպտեմբերի 4-ին: Բաքվում Իբրահիմովին հետմահու ազգային հերոսի կոչման են արժանացրել: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Ադրբեջանը, իր հերթին, ղարաբաղյան կողմին է հանձնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, 81-ամյա Գավրուշ Առուստամյանի դին:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ դրսեւորելով բարի կամք եւ առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ` Բաշ-Քարվենդ գյուղի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմին հանձնեցին ադրբեջանցի երկու զինծառայողների մարմինները», ասված է Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
Նոյեմբերի 4-ին էլ Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի մարմինը, իսկ հայկական կողմը ադրբեջանականին հանձնեց Հայաստանի սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանցի Էլդար Թաղիեւին:
Այս ամենի ֆոնին Ադրբեջանում նախագահ Ալիեւ կրտսերի մակարդակով «հերոսների» հուղարկավորությունը այնպիսի մի արարողության է վերածվում, կարծես ադրբեջանցու համար պատերազմն ու ռազմի դաշտը ամենացանկալի, բաղձալի տեղն է, ադրբեջանցին էլ այն «հերոսը», որ այդ ճանապարհով անցնելուն միշտ պատրաստ է:
Հիվանդ դատողության այսպիսի դրսեւորումների կողքին բնավ էլ տարօրինակ չէ, որ «ազգի հերոսների» թաղմանը Ադրբեջանի նախագահը հերթական անգամ քարոզչության փորձեր է անում, հայտարարելով, թե «Ադրբեջանը բանակցություններ կվարի մինչեւ այն պահը, քանի դեռ հույս կա այդ ճանապարհով վերականգնելու տարածքային ամբողջականությունը»: Սա ամենաուղղակի կերպով նշանակում է, որ Ադրբեջանը, այստեղ են ասել` իր արեւին, «պատրաստվում է պատերազմի»:
Եվ այս հայտարարությանը որեւէ միջազգային կազմակերպություն, կառույց, համանախագահ, միջնորդ չի արձագանքում այնպես, որ Ադրբեջանում էլ հասկանան, որ բանակցությւոնները տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար չեն, այլ հակամարտությունը կարգավորելու: Իսկ եթե Ադրբեջանի ընկալմամբ հակամարտության կարգավորումը նշանակում է տարածքային ամբողջականության վերականգնում, ուրեմն Աստրախան լինի թե Աստանա` անիմաստ գործողությունների մի խումբ է ոչ միայն բանակցային ընթացքը, այլեւ միջնորդությունները եւ դրան նմանվող մնացյալ նախաձեռնությունները:
Բանակցություններով տարածքային ամբողջականություն չվերականգնելու դեպքում Ալիեւը հերթական անգամ սպառնում է, թե «Ադրբեջանը կվերականգնի տարածքային ամբողջականությունը` օգտագործելով ռազմական ուղին»: Եվ դրա համար, ըստ Ալիեւ կրտսերի, «ադրբեջանական բանակը տասնյակ հազար Մուբարիզ ու Ֆարիդ ունի»: Եվ այս երկրի այս նախագահը նստում է բանակցությւոնների սեղանի շուրջը, աշխարհն էլ մտավոր սահմանափակ կարողություններ ունեցողի նման նայում է, թե ինչպես է Ադրբեջանում իր գահակալության ժամկետը նաեւ խորհրդարանական «ընտրություններով» ամրապնդում Ալիեւ կրտսերը:
Ալիեւի հայտարարությունների առնչությամբ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է արհամարհել միջազգային հանրության ու միջնորդների առջեւ ստանձնած իր պարտավորությունները, «ցինիկ գործում է չնայած փաստաթղթերին, որոնք հենց ինքն է ստորագրել Մայնդորֆում եւ Աստրախանում»: Ըստ Քոչարյանիՙ Աստրախանի հռչակագիրը ենթադրում է վստահության միջոցների ամրապնդում գերիների եւ զոհվածների դիակների փոխանակմամբ, մինչդեռ Ալիեւն օգտագործում է այդ գործընթացը ճիշտ հակառակ կերպով` լարվածության սրման նպատակով:
Ալիեւը, ըստ Հայաստանի փոխարտգործնախարարի, մահվան է ուղարկում դիվերսանտների, որոնք, Ալիեւի խոստովանությամբ, նախապես գիտեին, որ չեն վերադառնալու, «հանդիսավոր թաղում է նրանց` միեւնույն ժամանակ թաղելով նաեւ հակամարտությունը փոխզիջման ճանապարհով կարգավորելու հնարավորությունը»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: