Tuesday, November 9, 2010

ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ, ԴԱ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆԸ ՉԷ

«ԱԶԳ», 09-11-2010 - Թուրքական թերթերը տարածում են, թե Կարսում գտնվող Եղիշե Չարենցի հայրական տունը վաճառքի է հանվել, ընդ որում թուրքական չափանիշներով` շատ մեծ գումարով , 250 հազար լիրայով (դա մոտավորապես 180 հազար դոլար է): Թուրքերը չեն ծածկում, որ հույս ունեն, թե տունն այդ գումարով կգնեն հայերը եւ ուխտատեղի կդարձնեն: Անգամ այդ տան նկարներ են տեղադրված թուրքական մամուլում եւ լրատվական կայքերում: Թե ինչ կա այդ լուրերի տակ, ինչ «հաթաթա» է այդ լուրի տակ, որն, ի դեպ, նոր չէ եւ շատ ավելի վաղուց շրջանառության մեջ էր դրված, կարելի է ենթադրել, բայց անկախ այդ ենթադրություններից, Հայաստանի կայքերը հաճույքով պտտում են այդ լուրը: Երեկ Facebook-ում այդ լուրին արձագանքեց հրապարակախոս Հովիկ Չարխչյանը ` գրելով. «Ամոթ եւ խայտառակություն: Սա Չարենցի տունը չէ: Ամեն մի չարենցագետ, եթե մի քիչ իրեն նեղություն տա, հեշտությամբ դա կարող է ապացուցել: Կան փաստեր, վավերագրեր, քարտեզներ, վկայություններ, ականատեսների հիշողություններ: Բայց արի ու տես, որ բոլորը բերանները ջուր են առել եւ սկսել են թուրքերի դուդուկի տակ պարել, որոնց ուզածն էլ հենց դա է` ինչ-որ մի անհայտ քարակույտ մեզ վրա ահռելի գումարներով սաղացնելը: Սա Չարենցի տունը չէ, ժողովուրդ ջան, մտքներիցդ հանեք: Չարենցի տունն այլ վայրում է, այլ փողոցում: Ի վերջո հասցեն նույնիսկ կա...»: Իմ առաջարկին` այլ մանրամասներ ներկայացնել Չարենցի տան մասին, Հ. Չարխչյանը պատասխանեց, որ առաջիկայում մամուլում հանդես կգա ընդարձակ հրապարակմամբ: Այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանը կանդրադառնա Կարսում Չարենցի տան թեմային:

No comments: