Thursday, November 11, 2010

ԴՈՒՔ ՍՊԱՍՈ՞ՒՄ ԵՔ, ՄԵՆՔ ԷԼ, ԱՄԲՈՂՋ ԵՎՐՈՊԱՆ ԷԼ

«ԱԶԳ», 11-11-2010 - Այնուամենայնիվ, Եվրոպան, չնայած հենց իր սրտում հարգարժան շքանշանով է պարգեւատրում թուրք նախագահ Գյուլին, մնում է սկզբունքային: Եվ չնայած Աբդուլլահ Գյուլը Լոնդոնից վերառանում է գնահատված` «հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն աջակցելու համար», մնում է համառ Թուրքիայի նախագահը: Ինչո՞ւ սկզբունքային, որովհետեւ` Բրյուսելը, իսկ ավելի կոնկրետՙ Փարիզն ու Բեռլինը բազմիցս են ընդգծել` Եվրոպան կբացի դարպասները Անկարայի առջեւ միայն «այս ու այն» քայլերից հետո: Իսկ այդ քայլերը ակնհայտորեն նշված են Եվրոմիության օրերս հրապարակված զեկույցում. «ԶԼՄ-ների եւ խոսքի ազատությունը պետք է ուժեղացվեն ինչպես Թուրքիայի իրավական դաշտում, այնպես էլ գործնական կիրառության մեջ: Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի 2009-ին ստորագրված համաձայնագրով Հայաստանի հետ սկսված երկխոսությունն ավարտի հասցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ կարգավորի իր հարաբերությունները հունական Կիպրոսի հետ»:
Իր հերթին Reuters-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ Եվրոմիությունում Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած զեկույցին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ն հետաձգում է այդ կառույցին Թուրքիայի անդամակցությունը` անընդհատ փոփոխելով անդամակցության խաղի կանոնները. «Մենք արդեն 50 տարի սպասում ենք Եվրոպայի դարպասների մոտ», թերեւս «հոգոց հանելով» նկատել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ «բանակցությունները շարունակվում են: «Անկարան Կիպրոսի համար կբացի իր օդանավակայաններն ու նավահանգիստները այն ժամանակ, երբ Եվրոմիությունը կհանի Հյուսիսային Կիպրոսի հանդեպ սահմանված տնտեսական արգելքը»: Էրդողանն այս անգամ չի մանրամասնել, թե մյուս հարեւանի, կոնկրետՙ Հայաստանի հետ սահմանը երբ պիտի բացվի: Վարչապետը թերեւս հաշվի առնելով, որ իր նախագահը նոյեմբերի 9-ին պատմական շքանշան ստացավ հենց այս հարցի հետ կապված, նաեւ վստահ է, որ Թուրքիան ամենեւին էլ մեղք չունի, որ «Կարսից հնարավոր չէ մեքենայով ժամանել Գյումրի»:
Փոխարենը այս թեմայով հետաքրքրական «խոստովանությամբ» է հանդես եկել CNNturk-ի հայտնի թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը. «Որքան էլ մենք կարգավորման գործընթացի տապալումը բարդենք Երեւանի վրա, իրականում դրա պատասխանատուն մենք ինքներս ենք: Խոնարհեցինք մեր գլուխը Ադրբեջանի հակազդեցության առջեւ: Ավելի ճիշտՙ ազերի եղբայրներին չկարողացանք բավականաչափ տեղեկություն տալ: Նրանք վերջին պահին մեզ կես ճամփին թողեցին», ասել է Բիրանդը:
Ինչեւէ: Կրկին անդրադառնալով «եվրոպական դարպասների առաջ 50 տարի կանգնած Թուրքիային»ՙ նշենք, որ ԱՄՆ-ում գործող գերմանական «Մարշալ» հիմնադրամը հետազոտություն է իրականացրել` պարզելու Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցելու կողմնակիցների թիվը: Այն, ինչպես պարզվել է, նվազել է ավելի քան 35 տոկոսով:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: