Monday, February 7, 2011

ԺՆԵՎՈՒՄ 2013-ԻՆ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Փետրվարի 5-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Ժնեւ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը:
Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը:

Դեսպան Ազնավուրը բարձր գնահատեց Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները:

Հուշակոթողի պաշտոնական բացումը նախատեսվում է 2013 թվականի ապրիլի 24-ին` Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

No comments: