Monday, February 7, 2011

Հակահայկական տրամադրություններն Ադրբեջանի համար համախմբող գաղափար են դարձել. Դեսպան Օլեգ Եսայան

Panorama.am. 7-2-2011- ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել: Ինչպես գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, նման տեսակետ է հայտնել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Մոսկվայում հայկական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախաձեռնությամբ:
«Շատերին է հետաքրքրում ղարաբաղյան հարցում մեր երկրի դիրքորոշումը: Եթե որևէ այլ երկրում գտնվեի, ես ամեն կերպ, ինչպես և ցանկացած դեսպան իմ փոխարեն, կփոխանցեի ու կհաստատի մեր երկրի դիրքորոշումը: Ասում եմ այն, ինչ կա. հարցի առնչությամբ որևէ փոփոխություն մեր դիրքորոշման մեջ չկա», - ասել է դեսպան Եսայանը:
Դեսպանի խոսքերով, Ադրբեջանի հետ բանակցությունների հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքն է: «Երկու կողմերն էլ ընդունել են այդ փաստը», - նշել է Եսայանն ու հավելել, թե Հայաստանը շահագրգռված է հակամարտության խախաղ կարգավորմանը, ինչին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը պարտադիր պայմաններից է:

Յուրաքանչյուր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման համար, մարդկանց համախմբում է պահանջվում: Օլեգ Եսայանի խոսքերով, Ադրբեջանի համար, ցավոք, այդպիսի համախմբող ազգային գաղափար է ծառայում ԼՂ հակամարտության հողի վրա հակահայկական տրամադրությունները:
«Մենք պետք է պարզաբանենք մեր դիրքորոշումը, ամրացնենք միաբանությունը», - հայտարարել է դեսպանը՝ առանձնահատուկ ընդգծելով, թե խոսքը ամենևին չի գնում դիմակայության մասին, «առավել ևս այն մասին, որպեսզի այդ դիմակայությունը Ռուսաստան տեղափոխվի»:
«Բոլորիս անհրաժեշտ է հզոր, ծաղկող ու ուժեղ Հայաստան: Որտեղ էլ ապրենք, պետք է դեմքով շրջված լինենք դեպի հայրենիքը: Դա ամեն մի առանձին վերցված հայի պարտականությունն է», - ասել է դեսպանը:
Նշենք, Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը ներառում է 30 հայկական հասարակական, երիտասարդական ու մշակութային կազմակերպություններ: Այն հիմնադրվել է 2010 թ-ին Մոսկվայում հայկական կազմակերպությունների միջև կապերի կոորդինացման ու ընդլայնման, ինչպես նաև համատեղ հեռանկարային շրագրերի իրականացման նպատակով:

No comments: