Thursday, February 24, 2011

Հայաստանը պետք է օրենքով ամրագրի, որ Ադրբեջանում տեղի ունեցած սպանդը ցեղասպանություն է. Լարիսա Ալավերդյան

Սումգայիթի ջարդերը Ադրբեջանի իշխանությունների կողմից նախօրոք ծրագրված էին։ Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանը ևս մեկ անգամ բարձրաձայնեցին ջարդերի ականատեսները։
Ռոման Թովմասյանը, ով 1988թ.–ի սումգայիթյան ջարդերի ժամանակ ընդամենը հինգ տարեկան է եղել, այսօր հիշեց, թե ինչպես են սպանել իր ընտանիքի տղամարդկանց։
«Ես փոքր էի, պատուհանից նայեցի և տեսա, թե ինչպես էին բերում քերթիչներ, որպեսզի օգտագործեն հայերին սպանելու համար։ Երբ թուրքերը մեր տանն էին, մեկը հարվածեց մեր սենյակի դռանը, նրանցից մեկը, ով մեր հարևանի տղան էր, ասաց՝ «Մի կպեք, այդտեղ երեխաներ կան»։ Այդպես մեն փրկվեցինք»,– պատմեց Ռոմանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ մարդիկ Աստծո առաջ պատասխան են տալու։
Ռոմանի մայրը՝ Ռայա Թոսվմասյանն էլ պատմեց, որ քաղաքում անհանգիստ իրավիճակ էր առաջացել փետրվարի 28–ից մի քանի օր առաջ։ Նա պատմեց, որ իր ամուսինն ու սկեսրայրը 9 ժամ պայքարել են բնակարան ներխուժած ադրբեջանցիների դեմ։ «Իմ ամուսինը 9 ժամ կռվել է ադրբեջանցիների դեմ, սակայն միայն նրա հայրական գյուղում են նրան հերոս ճանաչում։ Իսկ քնած հային սպանած ադրբեջանցուն Ադրբեջանի իշխանությունները հերոսի կոչում են տալիս»,– նշեց նա։
Ռայա Թովմասյանը դժգոհեց հայ հասարակության վերաբերմունքից՝ նշելով. «Մենք ապրում ենք հայերի կողքին, սակայն այս օրերին են միայն հիշում, որ նման ընտանիքներ կան Հայաստանում։ Ոչ ոքի չենք հետաքրքրում»։
Ջարդերի ականատես Կարինե Մելքումյանն էլ պատմեց, որ կոտրելով հայերի բնակարանների դռները՝ չարագործները թալանում էին նրանց, գողանում ոսկեղենն ու գումարը։
«Երեք օր շարունակ ԽՍՀՄ բանակի աչքի առաջ սպանում էին հայերին։ Ասում էին՝ ճիշտ ենք անում, որ ձեզ սպանում ենք, բոլոր հայերին պետք է ոչնչացնենք։ Շենքի բակում կանգնում և անուններով կանչում էին տղամարդկանց, հարցնում՝ նրանք տանն են, թե ոչ։ Սպանում էին քարերով, երկաթներով, ինչով պատահեր»,– պատմեց նա։
Հայերն այդ օրերին զանգահարել են ոստիկանություն, սակայն ոստիկաններն օգնության չեն հասել։ «Շենքերի բակերում կանգնած էին զինվորներ, սակայն նրանք չէին մոտենում մեզ օգնելու, ասում էին՝ նման հրաման չկա»,– պատմեց Կարինե Մելքումյանը։
Ջարդերի ականատեսները հիշեցին, որ չարագործների ձեռքին բարձրախոսներ կային, նրանք սև զգեստներ հագած շրջում էին այն թաղամասերում, որտեղ հայեր էին ապրում՝ բացականչելով. «Մա՛հ հայերին»։
Բանախոսները նաև նշեցին, որ ադրբեջանցի հարևաններն իրենց օգնության ձեռք չէին մեկնում, չէին համաձայնում ապաստան տալ անգամ երեխաներին։
Ջարդերի ականատեսների հետ մամուլի ասուլիսին նաև մասնակցում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով նշեց, որ Հայաստանում պետք է օրինականորեն ամրագրվի, որ 1988թ. փետրվարից մինչև 1994թ. Ադրբեջանում տեղի ունեցած սպանդը և հայրենազրկումը նույն ցեղասպանությունն է, նույն քաղաքականությունը, որն իրականացրել է Թուրքիան։
«Ներկայիս Ադրբեջանի ղեկավարությունը մարդասպաններին հերոսացնում է։ Դա ապացույց է, որ 88 թվականը նարկոմանների կողմից չի իրականացվել, այլ Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականությունն է։ Ադրբեջանը պետք է ցեղասպանություն ծնող և իրականացնող պետություն ճանաչվի»,– նշեց Ալավերդյանը։

No comments: